Պետդեպը հայտնել է, որ USAID ֆինանսավորման մի մասը չի համապատասխանում ԱՄՆ հիմնական շահերին
Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) ծրագրերի մի զգալի մասը չի համապատասխանում Միացյալ Նահանգների հիմնական շահերին։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարությունում։
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) վաղուց շեղվել է իր սկզբնական նպատակից՝ արտերկրում ամերիկյան շահերի պատասխանատու առաջմղումից: Այժմ ակնհայտ է, որ USAID ֆինանսավորման զգալի մասը չի համապատասխանում Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերին»,- նշել է արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը փաստացի դադարեցրել էր USAID գործունեությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ USAID-ի վերաբերյալ կազմակերպչական եզրակացություններն արվել են ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկի առաջարկով, որին Թրամփը նախկինում նշանակել էր նոր ՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարելավման դեպարտամենտի (Department of Government Efficiency) ղեկավար, պետական ուռճացած ապարատը կրճատելու և բյուրոկրատիայի դեմ պայքարելու նպատակով:
Թրամփի վարչակազմի գործողությունները USAID հարցում, որը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության և այլ երկրների վրա ԱՄՆ ազդեցության գործիքներից մեկն էր, բողոքի ալիք է առաջացրել Դեմոկրատական կուսակցության անդամների շրջանում։ USAID-ը ֆորմալ առումով անկախ գործակալություն է, բայց իրականում գործում է ԱՄՆ պետդեպարտամենտի շրջանակում:
News.am