Արմեն Սարգսյանին հնարավոր է` սպանել է մահապարտ ահաբեկիչը

Մոսկվայում «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կարող էր կատարել մահապարտ ահաբեկիչը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին։

Ըստ 112-րդ ալիքի, նախնական տվյալներով` նրան ամրակցված է եղել MON-50 ական, որը մարդասպանը պայթեցրել է հենց որ ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարը դուրս է եկել վերելակից։

Հաղորդվում է նաև, որ պայթյուն իրականացնողը ենթադրաբար ՀՀ քաղաքացի է, նախկինում դատապարտված։

Ներկայում դիտարկվում է երկու հիմնական վարկած՝ ուկրաինական հետքը` Սարգսյանի որպես «Արբատ» գումարտակի ստեղծողի նկատմամբ և ծխախոտի շուկայի վերաբաշխումը։ Արմեն Սարգսյանը ծխախոտի խոշորագույն մատակարարներից էր։

Mash Տելեգրամ–ալիքի տեղեկություններով՝ մարդասպանը Հայաստանի քաղաքացի է, մոտ 45 տարեկան։ Նա կարճ մուգ մազերով է եղել, շագանակագույն աչքերով և ոտքի վրա թրի պատկերով դաջվածք է ունեցել։ Նա մուգ հագուստով է եղել։

Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։

Քրեական գործ է հարուցվել վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:

Ավելի վաղ Ուկրաինայում Սարգսյանին մեղադրանքներ էին ներկայացվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններ վարող ապօրինի զինված կազմավորումներին մասնակցելու համար: Նա հետախուզման մեջ է Ուկրաինայում, նախկինում Ուկրաինայի քաղաքացիություն է ունեցել։

Sputnik Արմենիա