Լավրով․ ՌԴ-ն Սիրիայի նոր իշխանության ներսում խնդիրներ է տեսնում, երկխոսություն չի ստացվել
Մոսկվան Սիրիայի նոր իշխանության մեջ խնդիրներ է տեսնում. երկրի ներսում երկխոսությունն այնքան էլ հաջող չէ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան 14-րդ համաժողովում։
«Սիրիայում մեծ խնդիրներ կան, այդ թվում՝ և' իշխանության մեջ, որն այժմ մարմնավորում է առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան, և' այն խմբերի, որոնք ներգրավված էին կառավարման մեջ։ Իշխանափոխությունից հետո նրանց միջև այնքան էլ լավ չստացվեց երկխոսությունն ու փոխըմբռնումը։ Աշխարհաքաղաքական միավորներ հավաքելու փոխարեն Սիրիայում դեռ պահանջված է ազգային երկխոսությանը շատ ակտիվ և կառուցողաբար նպաստելը և սիրիացի ժողովրդի ապագայի մասին մտածելը։ Դրա համար անհրաժեշտ է միավորել բոլոր արտաքին խաղացողների ջանքերը», – ասել է Լավրովը։
Նախարարը նաև հայտարարել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին Սիրիայից հեռացնելու Արևմուտքի փորձերի մասին:
«Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին սիրիական կարգավորման գործընթացից հեռացնելու փորձերը դժվար թե բարի մտադրություններ ունեն, դրանք բացահայտում են իր մրցակիցներին երկրորդական դիրքեր մղելու՝ Արևմուտքի ծրագրերը», – նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8- ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց իր պաշտոնը և լքեց երկիրը։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ստեղծված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հռչակվեց երկրի նախագահ, որը կղեկավարի անցումային շրջանը։
Sputnik Արմենիա