Թրամփը համաձայնել է մեկ ամսով հետաձգել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը
Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր հայտարարելուց օրեր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հետաձգել դրանք մեկ ամսով, երբ Կանադայի և Մեքսիկայի ղեկավարները հայտարարել են իրենց սահմաններում անվտանգությունն ուժեղացնելու միջոցների մասին՝ գոնե առայժմ կանխելով մաքսատուրքեր ներմուծումը, որոնք կարող են հանգեցնել ամերիկացի սպառողների գների բարձրացմանը և երկրների տնտեսությունների դանդաղեցմանը, հաղորդում է NBC News-ը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի կեսօրին սոցցանցերում գրել է, որ Կանադան 1,3 միլիարդ դոլար կծախսի իր սահմանը նոր ուղղաթիռներով, տեխնոլոգիաներով և անձնակազմով ամրացնելու ծրագրի վրա, ինչպես նաև լրացուցիչ ռեսուրսներ՝ ֆենտանիլի հոսքը դադարեցնելու համար: Կանադան անցյալ տարեվերջին հայտարարել էր սահմանների և ներգաղթի վերահսկողության ոլորտում1,3 միլիարդ դոլարի ներդրում անելու մասին:
Թրամփը միաժամանակ ուղերձ է հղել՝ շեշտը դնելով ֆենտանիլի վրա և ընդգծել, որ մաքսատուրքերը «30 օրով կդադարեցվեն՝ տեսնելու համար, թե արդյոք ԱՄՆ-ը կարող է վերջնական տնտեսական գործարքի հասնել Կանադայի հետ»:
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը սոցցանցերում հայտարարել էր, որ Մեքսիկան անհապաղ կամրապնդի իր հյուսիսային սահմանը 10 հազար Ազգային գվարդիայի զինծառայողներով՝ պայքարելու համար Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի շրջանառության դեմ:
Թրամփը սոցցանցերում կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի բանակցությունները Մեքսիկայի հետ սահմանային անվտանգության վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի ղեկավարությամբ:
News.am