Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը 2024թ. ռուսների նախընտրած արտասահմանյան երկրների թոփ-10-ում
Հայաստանը 2024թ. ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի արտասահմանյան երկրների թոփ-10-ում զբաղեցրել է 9-րդ տեղը. անցած տարի գրանցվել է ՌԴ քաղաքացիների 970 հազար այցելություն Հայաստան, հայտնել է ՌԲԿ-ն ՌԴ ԱԴԾ վիճակագրության հիման վրա։
Ընդ որում՝ Հայաստանում այս ցուցանիշի անկումը 12,5 տոկոսով առավելագույնն է թոփ-10-ի մյուս երկրների համեմատ։
Ցուցակը գլխավորում է Թուրքիան՝ 6,27 մլն ռուսաստանցիների այցելություններով (պլյուս 11,7 տոկոս), որին հաջորդում են Աբխազիան՝ 5,81 մլն (պլյուս 1,1 տոկոս), Ղազախստանը՝ 2,81 մլն (մինուս 4,4 տոկոս), ԱՄԷ-ն՝ 1,99 մլն (պլյուս 15,6 տոկոս), Չինաստանը՝ 1,9 մլն (պլյուս 96,5 տոկոս) Եգիպտոս՝ 1,48 մլն (պլյուս 15,3 տոկոս), Վրաստան՝ 1,35 մլն (պլյուս 21,5 տոկոս), Թաիլանդ՝ 1,32 մլն (պլյուս 24,5 տոկոս)։ Լավագույն 10-նյակը եզրափակում է Ադրբեջանը՝ 710 հազար (պլյուս 26,8 տոկոս)։
Ընդհանուր առմամբ, 2024թ. ռուսները կատարել են գրեթե 29,2 մլն ուղևորություններ արտերկիր (նպատակները՝ բիզնես, աշխատանքային, զբոսաշրջություն, մասնավոր, կրթական, մշտական բնակության վայր տեղափոխվելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների սպասարկման անձնակազմի և զինվորականների ուղևորություններ): Տարվա ընթացքում նրանց թիվն աճել է 7,8 տոկոսով։ 2023թ. Ռուսաստանի քաղաքացիները, հաշվի առնելով այցի բոլոր նպատակները, արտասահման են մեկնել մոտ 27,1 մլն անգամ։
News.am