Թադևոս Ավետիսյան․ 2024 թվականին պետական պարտքն աճել է 8,5 տոկոսով

2024 թվականին պետական պարտքն աճել է 8,5 տոկոսով, գրեթե 1,5 անգամ ավելի բարձր չափով, քան ՀՆԱ-ի աճը: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Թադևոս Ավետիսյանը։

«1 2024 թվականի տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշը կազմել է 8 տոկոս՝ առաջին կիսամյակի համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով։

2 Շարունակվում է գյուղատնտեսության ազատ անկումը։ Նախորդ տարվա համեմատ՝ 2024 թվականին ոլորտն ունեցել է զրոյականին մոտ աճի ցուցանիշ (1,6 տոկոս), որը տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2,5 անգամ։

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների շրջանառությունը 2024 թվականին նվազել է շուրջ 4 տոկոսով։

3 Արդյունաբերության ոլորտի աճը 2024 թվականին կազմել է ընդամենը 4,7 տոկոս՝ առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ նվազելով շուրջ 4 անգամ։

4 Կացության կազմակերպման ծառայությունների ոլորտի (հյուրանոցներ, հանրային սնունդ և այլն) 2024 թվականի աճի ընդհանուր ցուցանիշը նվազել է շուրջ 30 տոկոսով՝ առաջին կիսամյակի համեմատ։

5 2024 թվականին շուրջ 200 միլիարդ դրամի չափով հարկերի թերհավաքագրման հետևանքով ՀՀ պետական բյուջեի պակասուրդն ավելացել է 187 միլիարդ դրամով։

6 2024 թվականին պետական պարտքն աճել է 8,5 տոկոսով (1 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ գրեթե 1,5 անգամ ավելի բարձր չափով, քան տնտեսությունը՝ ՀՆԱ-ի աճը։

7 Արձանագրվում է օտարերկրյա կապիտալի «փախուստ» 2024 թվականի ամբողջական ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն առաջին կիսամյակում արդեն իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 334 միլիոն ԱՄՆ դոլարով, Հայաստանից շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են դուրս եկել, քան ներհոսքն է կազմել։

8 2024 թվականի 4-րդ եռամսյակում նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ կազմելով 75811 դրամ»,- գրել է նա։

News.am