Իսրայելի ՊՆ ղեկավարը հանձնարարել է ծրագիր պատրաստել Գազայում գտնվող պաղեստինցիների համար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հանձնարարել է ծրագիր պատրաստել, որը թույլ կտա Գազայի բնակիչներին ինքնակամ լքել անկլավը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Ողջունում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը։ Գազայի բնակիչներին պետք է տրվի ելքի ազատություն, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Պլանը կներառի ցամաքային անցումներով ելքի տարբերակներ, ինչպես նաև ծովով և օդով ելքի համար հատուկ միջոցներ», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Կացը հավելել է` կարգադրել է այնպիսի ծրագիր մշակել, որը թույլ կտա Գազայի ցանկացած բնակչի մեկնել աշխարհի ցանկացած կետ, որը կընդունի նրան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարել էր Գազայի հատվածը «հսկողության տակ վերցնելու» ծրագրերի մասին: Նրա կարծիքով` հիմա Գազան պարզապես պիտանի չէ բնակության համար։ Թրամփն առաջարկել է քանդել այն, ինչ մնացել է այնտեղ, բոլոր պաղեստինցիներին տեղափոխել այլ երկրներ, օրինակ՝ Հորդանան և Եգիպտոս։ Թրամփը նաև հայտնել է, որ ցանկանում է այդ վայրում «մերձավորարևելյան Ռիվիերա» ստեղծել:

Sputnik Արմենիա