Ռուբիո․ Գազայի մասին Թրամփի խոսքերը պետք է ընկալել որպես այն վերականգնելու առաջարկ
Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները պետք է ընկալվեն որպես Պաղեստինի անկլավի վերականգնման և նրա տարածքում չպայթած զինամթերքների վնասազերծման պատասխանատվություն ստանձնելու Վաշինգտոնի պատրաստակամության դրսևորում։ Այդ մասին հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով Գվատեմալայում հանրապետության նախագահ Բեռնարդո Արևալոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այն, ինչ երեկ ասել է նախագահ Թրամփը, առաջարկ է, այս տարածքի վերականգնման համար պատասխանատվություն ստանձնելու Միացյալ Նահանգների պատրաստակամության արտահայտություն»,- նշել է պետքարտուղարը։ «Սա չի մտածվել որպես թշնամական քայլ։ Սա մտածվել է որպես մեծահոգի քայլ»,- վստահեցրել է նա։
Ռուբիոն նշել է, որ Գազայի հատվածում կան չպայթած զինամթերքներ, և դրանց վնասազերծումը «հսկայական խնդիր» է լինելու։ «Իմ կարծիքով՝ նախագահ Թրամփը պարզապես շատ մեծահոգաբար ԱՄՆ ներգրավվելու, բեկորները մաքրելու, այս վայրն այն ամենից մաքրելու, ինչն ավերվել է, բոլոր չպայթած զինամթերքներից մաքրելու պատրաստակամություն է հայտնել»,- ավելացրել է պետքարտուղարը:
Ռուբիոյի խոսքով, «եթե առաջարկն ընդունվի, մանրամասները պետք է մշակվեն բազմաթիվ գործընկեր երկրների հետ»: «Թրամփի երեկվա հայտարարությունը խոստովանություն է, որ Գազայի հատվածին լուրջ վնաս է հասցվել»,- ասել է նա։ Ըստ պետքարտուղարի՝ «վերակառուցման համար կպահանջվեն միլիարդավոր դոլարներ»։ «Որոշ տարածքներ այլևս բնակելի չեն։ Այժմ և տեսանելի ապագայում»,- ավելացրել է նա։
News.am