Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` հայաստանյան բանկերի և Ամուլսարի բանակցությունները ներկա պահին շատ ակտիվ փուլում են։

«Մասնավոր հատվածի հետ բանակցությունների մի մաս կա դեռ, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ տեղի է ունենալու բանկերի կողմից Ամուլսարի վարկավորումը։ Իմ տպավորությամբ` խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են։ Արդյունքում սկզբում կունենանք շինարարության փուլ, հետո արդյունահանման փուլ։ Պլանավորում ենք արդեն հոկտեմբերից արդյունահանում անել։ Այս տարվա ՀՀ տնտեսական ցուցանիշների մեջ մենք արդեն այս հանգամանքը կանխատեսել ենք, որ վերջին եռամսյակն ավելի լավն է լինելու»,– նշեց նախարարը։

Նա նորմալ է համարում, որ բանկերի կողմից Ամուլսարին տրամադրվելիք 150 մլն դոլար վարկավորման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում. ըստ նրա` մի բնակարանի 20 մլն դոլարի վարկավորումն ավելի քան մեկ ամիս է պահանջում, էլ ուր մնաց 150 մլն դոլարի դեպքում։

Հիշեցնենք, որ 2024 թ. դեկտեմբերի 12–ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանք շահագործողներին։ Խնդիրը, նրա խոսքով, ընդամենը 150 մլն դոլար ֆինանսավորելու մասին է։

Հիշեցնենք նաև` Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:

Sputnik Արմենիա