Բաքվում կայացել է հերթական դատական նիստը. Արայիկ Հարությունյանն իբր հայտարարություն է արել
Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով հերթական դատական նիստը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, իբր դատական նիստի սկզբում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր և ռազմաքաղաքական մյուս ղեկավարների նկատմամբ հոգեբանական ճնշումների և հոգեմետ դեղերի կիրառման վերաբերյալ հայաստանյան լրատվամիջոցներով տարածվող լուրերը սուտ են։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ–ն ունի հետախուզական տեղեկություններ, որ Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն նրանցից։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Հունվարի 28–ին Բաքվի դատարանը մերժել է նաև Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու մասին։
Sputnik Արմենիա