STRATFOR-Ի ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ԱԼԻԵՎԻՆ, ԵԹԵ ՆԱ ՈՐՈՇԻ ՀԱՐՁԱԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական գործընթացներում մոտ 2-3 տարի ստատուս քվո կպահպանվի, սա մեզ միանգամայն հնարավոր և իրական է թվում: Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարում News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor (RANE) վերլուծական կենտրոնի եվրասիական հարցերով վերլուծաբան Մեթյու Օրը։

 


Նա չի կարծում, որ պատերազմն անխուսափելի է, քանի որ դեռևս չկան շատ ուժեղ խթաններ, որ կողմերից մեկը հավատա, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել իրավիճակն արմատապես փոխելու համար։ Փորձագետը չբացառեց, որ Ադրբեջանը կարող է շարունակել և ակտիվացնել սահմանազատման գծի երկայնքով հրթիռակոծման միջոցով ռազմական ճնշում գործադրելու փորձերը։ «Բայց ես չեմ կարծում, որ մեծ պատերազմն անխուսափելի է, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնություն ձեռք չբերվի», - հավելեց նա:

Օրրը պարզաբանեց, որ, ընդհանուր առմամբ, եթե Ադրբեջանը մտադիր է մեծ ռազմական գործողություններ սկսել, ապա նախընտրելի է դրանք իրականացնել ամռանը կամ ամռան վերջին։ «Սակայն, կրկնում եմ, որ առայժմ չենք կարծում, որ Ադրբեջանը դրա անհրաժեշտությունը տեսնում է։ Ամենայն հավանականությամբ, նրանք զգում են, որ ճնշումների միջոցով կարող են հասնել իրենց նպատակներին, և քանի դեռ կարծում են, որ կողմերը մանևրելու և գործարք կնքելու տեղ ունեն։ Պարտադիր չէ, որ դա շուտով տեղի ունենա, շարունակվելու են ճնշումների փորձերը, այդ թվում՝ ռազմական, ուստի իրավիճակը մնում է անկայուն։ Սակայն, մենք չենք հավատում, որ դա կարող է մեծ ռազմական հակամարտության վերաճել»,- ընդգծեց նա։

Փորձագետը ենթադրեց, որ պատճառը, թե ինչու Ադրբեջանը դժվար թե գնա մեծ էսկալացիայի, այն է, որ ռազմական տեսանկյունից դա շատ թանկ կարժենա։ Նա պարզաբանեց, որ դա Ադրբեջանին ձեռնտու չէ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ դա կհանգեցնի Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացմանը, ինչպես նաև կլինի սուր հարձակում Իրանի և Ռուսաստանի վրա։

«Բաքուն կարծում է, որ առայժմ աշխարհաքաղաքական մանևրների և մեծ տերությունների միջև հավասարակշռության տեղ է պահպանում, և Հայաստանի դեմ լուրջ էսկալացիան մեծապես կնվազեցնի նրա կարողությունը մանևրելու համաշխարհային ասպարեզում: Բայց դա չի բացառում, որ իրավիճակի փոփոխությամբ նրա կարծիքը կարող է փոխվել, ինչը, սակայն, այս պահին քիչ հավանական է»,- նշեց Օրը։

Հայաստանով անցնող միջանցքի և «Խաղաղության խաչմերուկի» մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, նրա կարծիքով, պատերազմի հայտարարություն չէին։ Նա նշեց, որ դա վկայում է այն մասին, որ Հայաստանի տարածքով և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարանցումը որոշների համար խաղաղության պայմանագրի առանցքային պայմանն է, բայց դա չի նշանակում, որ այդ կետն անպայման ներառվելու է խաղաղության պայմանագրի մեջ, սակայն պայմանագրից դուրս պետք է լինի շրջանակային համաձայնագիր։

«Ալիևը կարծում է, որ ինքն ամուր դիրքերում է, ինչի համար էլ նման հայտարարություններ է անում։ Հայաստանի վարչապետը վերջերս հայտարարեց, որ չենք կարող խոսել միջանցքի արտատարածքային կարգավիճակի մասին, բայց եթե խոսքը գնում է Հայաստանով տարանցման որոշ հատուկ պայմանների մասին, ապա փոխզիջման կարելի է հասնել, իսկ եթե Ադրբեջանի կողմից զիջումներ լինեն «խաղաղության խաչմերուկում», այլ երթուղիներում, այդ դեպքում մանևրելու և փոխզիջման տեղ կա։ Բայց եթե սա ինչ-որ վերջնագիր է, ապա սա կարմիր գիծ է Հայաստանի համար։ Առայժմ մենք կարծում ենք, որ մանևրելու տեղ կա և գուցե փոխզիջում ձեռք բերվի», - կարծում է Օրը:

Նրա խոսքով, Թուրքիան դեմ է և չի ցանկանում մասնակցել Հայաստանի դեմ խոշոր ռազմական գործողությանը, քանի որ հասկանում է, որ եթե խաղաղ պայմանագիր կնքվի և բացվեն տրանսպորտային հաղորդակցությունները, ապա ողջ Հարավային Կովկասը կլինի իր ազդեցության գոտում։

Նա չբացառեց, որ Թուրքիան խորհուրդ է տալիս Ադրբեջանին խուսափել նման ուղուց և հետ է պահում իրադարձությունների նման զարգացումից, քանի որ նրա համար ձեռնտու է, որ ամեն ինչ կայուն մնա՝ հասկանալով, որ Ռուսաստանին ձեռնտու է, որ ներկա իրավիճակը պահպանվի, իսկ իրավիճակի բարելավումն ավելի ձեռնտու է Թուրքիային։

«Եթե Ադրբեջանի կողմից խոշոր հարձակում լինի, դա կխանգարի Թուրքիայի ծրագրերին։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Անկարան չի աջակցի Հայաստանի վրա խոշոր հարձակում սկսելու որոշմանը, և սա բավականին ազդեցիկ գործոն է այս հարցում։ Թուրքիան չի ցանկանում, որ Հայաստանը միշտ ընդդիմանա կամ խանգարի այն գործընթացներին, որոնք բխում են Անկարայի շահերից։ Թուրքիայում կարծում են, որ դա երկարաժամկետ հեռանկարում բարդացնող գործոն կլինի։ Այո, նրանց համար ցանկալի է, որ Հայաստանը միջանցքի հարցում զիջումների գնա, և փոխզիջում ձեռք բերվի ավելի շատ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։ Սակայն Թուրքիայի շահերից է բխում, որ «Խաղաղության խաչմերուկի» մի քանի կետեր մասամբ իրականացվեն՝ դիրքերում ճկունություն ապահովելու համար»,- եզրափակեց փորձագետը։

News.am