ՍԻՄՈՆ ԱՉԻԿԳՅՈԶՅԱՆ՝ «ԴԵԴ». ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 6-ը Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, երկրաբան և հասարակական գործիչ Սիմոն Աչիկգյոզյանի ծննդյան օրն է:

Սիմոն Աչիկգյոզյանը՝ «Դեդ»-ը, երկրաբանական գիտությունների թեկնածու էր, ՀՅԴ կուսակցության և «Զորավար Անդրանիկ» համազգային միավորման անդամ, ինչպես նաև Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից:

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939 թվականին Ռումինիայի Գալաց քաղաքում: 1946 թվականին Աչիկգյոզյանների ընտանիքը հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ Սիմոնը սովորել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում, իսկ 1955 թվականին ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1960 թվականին՝ ինժեներ-երկրաբանի որակավորմամբ։

1970 թվականին Աչիկգյոզյանը Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1984թ. նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում: 1960-1991 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, գրել է 70-ից ավելի գիտական աշխատություններ և զբաղվել թարգմանություններով: Բացի գիտական գործունեությունից շուրջ 11 տարի Սիմոնը դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանում, զբաղվել Հայաստանի գունավոր և թանկարժեք մետաղների հանքավայրերի ուսումնասիրությամբ:

Սպիտակի երկրաշարժից հետո Աչիկգյոզյանը գլխավորել է աղետի գոտում աշխատող սեյսմոլոգների միջազգային թիմը։ Նա ակտիվ է եղել նաև արվեստի և սպորտի բնագավառում, երկար տարիներ երգել է Խոր Վիրապի վանքին կից գործող «Նարեկ» արական երգչախմբում:

1989թ. ՀՀՇ առաջին համագումարում ընտրվել է արտաքին կապերի կոմիտեի անդամ, ինչպես նաև անդամակցել «Արաբո» կամավորական ջոկատին, մասնակցել ինքնապաշտպանական մարտերին սահմանամերձ տարբեր գյուղերում, ինչպիսիք են Գնիշիկը, Երասխը, Արենին, Խաչիկը, Նոյեմբերյանը, Ոսկեպարը, ապա մեկնել Արցախ, որտեղ 1991թ.ապրիլից գլխավորել է Մարտունաշենի «Արաբո» ջոկատը:

1990 թվականին Սիմոն Աչիկգյոզյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր և ակտիվորեն մասնակցել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի աշխատանքներին բնապահպանության կոմիտեի կազմում:

Սիմոն Աչիկգյոզյանը զոհվել է 1991թ.ապրիլի 30-ին Մարտունաշենի պաշտպանության ժամանակ՝ փորձելով կանխել ադրբեջանական հատուկ ուժերի կողմից իրականացվող Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը:

Նրա աճյունն ամփոփված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գերեզմանատանը:

ՀՀ նախագահի 1996թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով Աչիկգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

2011 թվականին երկրաբանության ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի կաբինետը անվանակոչվել է Ս. Աչիկգյոզյանի անվամբ:

Alpha News