Գյումրու նախկին քաղաքապետի որդու տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, կշարունակի մնալ արգելանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։

«Հակակոռուպցիոն դատարանը Խաչատուր Բալասանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով»,– նշեց Նովրուզյանը։

Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ մեկնելիս։

Նա անցնում է «Սև Բերդ» ամրոցի` պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով։ Բալասանյանն ի սկզբանե 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքի էր ենթարկվել, սակայն անցած տարվա նոյեմբերի 15-ին դատարանն անսպասելի փոխել էր նրա խափանման միջոցը՝ պատիժը կրելու համար ուղարկելով «Արմավիր» ՔԿՀ։

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 11-ին 2 ամսով երկարացրել էր նրա կալանքի ժամկետը, բայց հաջորդ ամիս` հունվարին, փոխել խափանման միջոցը` 80 միլիոն դրամ գրավի դիմաց նորից տնային կալանք կիրառելով։