Բերբոքը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները ՄՔԴ-ի դեմ. դա մեծ ուրախություն կլիներ Պուտինի համար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ ԱՄՆ պատժամիջոցներ մցտնելը։
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի և Միջազգային քրեական դատարանի պահպանումը համապատասխանում է անվտանգության կարևորագույն շահերին:
«Միայն օրենքի ուժն է պաշտպանում ամենաուժեղի օրենքից։ Երբ կանոններն այլևս չեն գործում, բոլորը պարտվում են: Միջազգային իրավական կարգը և միջազգային իրավասությունը պահպանելու համար միասին աշխատելը մեր կյանքի լավագույն ապահովագրությունն է և, միևնույն ժամանակ, բարգավաճման և խաղաղության հիմքը:
Միջազգային քրեական դատարանը միջազգային քրեական իրավունքի ամենամեծ ձեռքբերումներից է և վայելում է ավելի քան 120 պետությունների աջակցությունը։ Այն հիմնված է միջազգային քրեական իրավունքի և միջազգային դատարանների անկախության հարգման ապահովման հիմնարար սկզբունքների վրա՝ սկզբունքներ, որոնք նշանակում են անվտանգություն բոլորի համար: Ահա թե ինչու մենք աջակցում ենք ՄՔԴ-ին, և ահա թե ինչու ՄՔԴ-ն մեր աջակցության կարիքն ունի։
Եթե ՄՔԴ-ն չկարողանար այժմ շարունակել իր աշխատանքը, դա կլիներ մեծագույն ուրախություններից մեկը (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր- խմբ.) Պուտինի համար»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարն իր հայտարարությունում՝ ավելացնելով, որ Պուտինը չէր կարող գնալ ԲՐԻԿՍ նիստին Հարավային Աֆրիկայում, քանի որ Հարավային Աֆրիկան Հռոմի ստատուտի մասնակից է, և երկիրը ստիպված կլիներ ձերբակալել նրան։
News.am