Վահե ՎԱՐՍԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ 80 %-Ը ՍՏՎԵՐՈՒՄ Է
Պետությունը տարեկան 160 մլն դոլար պակաս է ստանում շահութահարկի և ԱԱՀ-ի գծով՝ Հայաստանում դեղերի շրջանառության 80 տոկոսի ստվերում մնալու պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։ Նա հավելեց, որ ՀՀ օրենսդրության բացերի և առողջապահության նախարարության կամայականության պատճառով դեղատնային ոլորտը սահուն կերպով շեղվում է դեպի մաքսանենգ շուկա:
Վարսանյանի գնահատմամբ՝ բուժառուների քիչ թե շատ նորմալ բուժման համար անհրաժեշտ դեղերի նվազագույն ծավալը առնվազն 15 հազար անուն է, սակայն ներկայում Հայաստանում գրանցված է ընդամենը 3150 անուն: Եվ նույնիսկ դրանք անուններ չեն, այլ ցուցակի «տողեր», այսինքն՝ շատ դեղեր կրկնվում են, և իրականում դրանց տեսականին շատ ավելի փոքր է։
Ստացվում է՝ պետական գրանցումն ապահովում է բնակչության դեղերի նվազագույն կարիքների 20%-ը միայն։
Համեմատության համար նա օրինակ է բերում ԵՄ-ն, որտեղ գրանցված է մոտ 50-60 հազար դեղամիջոց։ Ռուսաստանում նույնպես գրանցված է մոտ 60 հազար դեղամիջոց։ Բայց Հայաստանում դրանց տեսականին վերջին տարիներին 5500-ից իջել է 3150-ի։
Ոլորտի մասնագետներն իրենց կարծիքով ակնհայտ լուծում են առաջարկում. ավտոմատ կերպով ճանաչել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գրանցված դեղերը, ինչը թույլ կտար նվազեցնել դեղերի պակասուրդը և հանրության շրջանում լարվածությունը։
2020-21 թվականներին, կորոնավիրուսային համավարակի ֆոնին, նման կարգ արդեն գործում էր, ինչը թույլ տվեց էապես իջեցնել գները։ Սակայն ինչ էլ առաջարկեն փորձագետները, Հայաստանի ներկայիս իշխանությունները, Վարսանյանի խոսքով, նախանձելի համառությամբ հակառակն են անում։ Արդյունքում, դժգոհում է մեր զրուցակիցը, դեղերի ներմուծման հնարավորությունների ընդլայնման համար մի քանի տարվա պայքարի ընթացքում դրանց ցանկը ոչ թե ավելացել, այլ նույնիսկ կրճատվել է։
«Առողջապահության նախարարությունն արգելում է ներմուծել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գրացված դեղերը։ Այսինքն` երբ իշխանությունները հայտարարում են, թե տեսեք` ԵՄ ենք գնում, բայց մնում ենք ԵԱՏՄ-ում, նայեք` ինչ «շուստրի» ենք, դա բացարձակ փուչիկ է։ Ոչ մի տեղ էլ չեն գնում և ո՛չ այս են ընդունում, ո՛չ այն: Ընդ որում` հաստատված դեղերի փոքր ցուցակի մի մասը գրանցվում է ԵՄ կանոնակարգով, մյուս մասը՝ ԵԱՏՄ կանոնակարգով։ Խառնաշփոթ են ստեղծել: Եվ ինչպես ամեն տեղ են քաոս ստեղծում, որի տակից հետո ստիպված են լինում դուրս գալ այս կամ այն ոլորտի մասնակիցները, նույնը տեղի է ունենում նաև դեղագործության ոլորտում»,-կարծում է Վասանյանը։
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրների պատճառն այն է, որ որ ոլորտը, փաստորեն, «պահ են տվել» դեղագործական ընկերությունների՝ Հայաստանում աշխատելու արտոնագիր ունեցող ներկայացուցիչներին (իրավատերերին)։ «Վագա Ֆարմի» հիմնադրի խոսքով` բանն այն է, որ ՀՀ օրենսդրությունը «կանաչ լույս» է վառել այսպես կոչված իրավատերերի համար, որոնք գրանցման մասին որոշումը կայացնում են՝ ելնելով իրենց նեղ շահերից։
Նա վստահ է, որ առողջապահության նախարարությունը հովանավորում է մի քանի իրավատերերի, փաստացի 1-2 ներմուծողի։ Նույնիսկ ԵԱՏՄ ընդհանուր տարածքի շրջանակներում նրանք օրենքներում սողանցքներ են գտնում, որպեսզի խոչընդոտեն դեղերի տեղափոխմանը մի շուկայից մյուսը` ընդհուպ մինչև այն, որ Ռուսաստանում գրանցված դեղը չեն ուզում Հայաստանում գրանցել նույն տուփով, որպեսզի այն հնարավոր չլինի ներմուծել ՌԴ-ից։
Արդյունքում աճում է Հայաստանում դեղերի ապօրինի շրջանառությունը: Ավելին, մեր երկրում գործում են դեղերի մաքսանենգությամբ զբաղվող ցանցեր, որոնք աստղաբաշխական գումարներ են վաստակում, բայց հարկեր չեն վճարում։ Ընդ որում` նրանք, Վարսանյանի խոսքով, համագործակցում են բժիշկների հետ, որոնք նրանց ապահովում են բուժառուներով:
«Մաքսանենգության մեջ «բռնվելու» ռիսկերը հաշվի առնելով՝ ապօրինի ներկրված դեղերի գներն ուռճացված են, բայց ծանր, անելանելի իրավիճակում գտնվող, այդ թվում՝ ուռուցքային հիվանդություններով տառապող քաղաքացիները ստիպված գնում են դրանք։ Եվ գնի տարբերությունը 20-30% չէ. դրանք Հայաստանում վաճառվում են 3-5 անգամ ավելի թանկ, քան կարող էին արժենալ օրինական ներմուծման դեպքում։ Միաժամանակ ուռճացվում են նաև օրինական դեղերի գները»,-ասում է դեղագործական ոլորտի ներկայացուցիչը։
Բարձր գների պահպանման հարցում շահագրգռված են ոչ միայն մաքսանենգությամբ զբաղվողները, այլև ընկերությունները, որոնց Վարսանյանն անվանում է առողջապահության նախարարության «հովանավորյալներ»: Դեղ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները հետևում են, որ Հայաստանում այլ երկրների դեղերի նման մակնշում ունեցող դեղեր չվաճառվեն, որպեսզի կարողանան այստեղ «բացառիկ» դեղերի գները բարձր պահել (քանի որ զուգահեռաբար այլ երկրներից նույնպիսի դեղեր չեն մատակարարվում):
Ամփոփելով՝ Վարսանյանը նկատեց, որ ՀՀ-ում դեղերի շրջանառությունը, օրենսդրական սխալ հաշվարկների պատճառով, կախված է բացառապես դեղ արտադրողների կողմից լիցենզիա ունեցողների անձնական քմահաճույքներից և նպատակահարմարության նկատառումներից: Տեսականորեն, եթե մի օր իրավատերերը որոշեն, որ իրենց ընդհանրապես ոչինչ ձեռնտու չէ գրանցել Հայաստանում, ապա բնակչությունը կմնա առանց օրինական դեղորայքի։
Ինչ վերաբերում է մասնավոր, այդ թվում՝ ոչ ցանցային դեղատներին, որոնք իշխանության «ֆավորիտների» շարքին չեն դասվում, ապա նրանց համար, Վարսանյանի կարծիքով, պետությունն արդեն այնքան սահմանափակումներ է դրել (այդ թվում՝ հսկայական տուգանքների միջոցով), որ նրանցից շատերը նախընտրում են կա՛մ փակվել, կա՛մ անցնել մաքսանենգ ճանապարհով ներկրվող դեղերի իրացման։
«Փոխանակ օգնեն` ավելի լավ աշխատենք, որպեսզի ավելի շատ հարկ վճարվի, շրջանառությունը ավելի թափանցիկ լինի, մեր պետությունն ու ներկա իշխանությունը ընդհակառակը, ամեն ինչ անում է այնպես, որ նորմալ աշխատող ոլորտը հենց տեղում սահմանափակվի, կրճատվի, վերացվի, և օրինական շրջանառությունը փակվի, մնա անօրինականը»,-եզրափակեց Վարսանյանը:
Ավելի վաղ Հայաստանի 12 դեղատների ցանցի ներկայացուցիչները հայտարարել էին, որ դժգոհ են մնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց նամակին առողջապահության նախարարությունից ստացված «անբովանդակ» պատասխանից, և որ մտադիր են շարունակել իրենց պայքարը, որպեսզի բոլոր բժիշկներն անպայման էլեկտրոնային դեղատոմսեր դուրս գրեն: