ԶՊՄԿ․ Նոր աշխատավարձային համակարգը կկիրառվի արտադրության վերականգնումից 1 ամսվա ընթացքում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենությունը ընդհանուր աշխատավարձային ֆոնդն ավելացնելու է միջինը 20%-ով։ Տեղեկությունը հրապարակվել է ԶՊՄԿ–ի ֆեյսբուքյան էջում։
ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ հունվարի 31-ից ակցիա են անում և պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։ Փետրվարի 4–ին կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների միջև կայացած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։ Փետրվարի 6-ին ԶՊՄԿ–ն հանցագործության մասին 3 հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին։ Կոմբինատի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով։
«Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում»,– ասված է ԶՊՄԿ–ի հայտարարությունում։
Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։
ԶՊՄԿ–ն անրդադարձել է նաև աշխատանքային պայմաննների բարելավմանը։
«Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը»,– հայտնում է ընկերությունը։
ԶՊՄԿ–ն աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ իրենց աշխատավայրեր։
Կոմբինատում տեղի ունեցող վերջին իրադարձություններին է անդրադարձել նաև ԶՊՄԿ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Նա նշել է, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշման պատճառ հենց կոմբինատի մեծ նշանակության մասին է խոսում։
«Միանգամայն հասկանալի է, որ տարբեր ուժեր ցանկանում են իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար, վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա։ Նախկինում, գիտեք, պատահական ոչ ոք չէր կարող կոմբինատից շահ ունենալ։ Դա կարծես պետություն էր պետության մեջ։ Չկա այլևս այն իրավիճակը, երբ կոմբինատի միջոցները և ազդեցությունն օգտագործվում էին որոշակի խմբերի շահեր սպասարկելու համար։ Մենք վերացրել ենք այդ գողությունը։ Հսկայական գումարներով ավելացել են պետական բյուջե մուտքերը, ահռելի գումարներ ուղղվում են կոմբինատի արդյունավետ աշխատանքին` առաջին հերթին ի շահ կոլեկտիվի և Հայաստանի ժողովրդի»,– ասել է գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի վաղ հայտնել էր, որ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ–ի հետ չառնչվող քաղաքացիների գործողությունների հետևանքով ընկերությունն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրել։
Ընկերությունը փետրվարի 7-ին հայտնեց, որ բոյկոտող անձանցից 8–ն ազատվել են աշխատանքից։
2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։
Sputnik Արմենիա