Ադրբեջանն արգելել է իր ռուսաստանյան սփյուռքն «ամբոխ» անվանած ռուս պատգամավորի մուտքը երկիր

Ադրբեջանն արգելել է ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱԳՆ-ին։

«Ռուս պատգամավորի կողմից Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի հասցեին ուղղված վիրավորական հայտարարություններն ու սպառնալիքները միանգամայն անընդունելի են։ Այս պատգամավորի հակաադրբեջանական դիրքորոշման պատճառով նրա անունը ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջանի Հանրապետություն արգելված է»,- նշել է Այխան Հաջիզադեն։

Ավելի վաղ, կապված «Ռոսսոտրուդնիչեստվոյի» Ադրբեջանից վտարման հետ, Վալուևը ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին անվանել էր «ամբոխ» և կոչ էր արել իշխանություններին «ստիպել նրանց օրենքի մաղով անցնել»։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վատթարացել էին անցյալ տարվա դեկտեմբերին AZAL ինքնաթիռի կործանումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ինքնաթիռը «խոցվել է ռուսական տարածքում» և պահանջել էր, որ ռուսական կողմը ներողություն խնդրի Բաքվից։ Դրանից հետո Ադրբեջանը փետրվարին ռուսական կողմին պաշտոնական ծանուցում էր ուղարկել իր տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքը դադարեցնելու մասին։

Armenia Today