«Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս-Հարավ ճանապարհը

Երևանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ ճանապարհը և բողոքի ակցիա էին իրականացնում, տեղում ոստիկանական ուժեր էին հավաքվել։

Բնակիչները դժգոհ են, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել, գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակը փոխել և այլն:

Բնակիչներից մեկը նշեց, որ 1 շաբաթ ժամանակ են տալիս քաղաքային իշխանություններին, ու եթե իրենց խնդիրները սեղմ ժամկետում լուծում չստանան, ապա անհնազանդության ակցիաները կշարունակեն։

«Մեզ դեռ ոչինչ խոսք չեն տվել, բայց հերիք է` խոստումներ տան, մենք սպասում ենք հստակ գործողությունների։ Ամեն օր ճանապարհ ենք փակելու, թող գնան ու մտածեն։ Ակցիաներն այնքան ժամանակ կշարունակենք, մինչև գան հենց մեր թաղամաս ու այստեղ մեր հարցերին պատասխան տան, խնդիրներին էլ` հստակ լուծում։ Մեր հարցերը պետք է տեղում լուծենք։ Հաղթանակ թաղամասը ոտքի է կանգնել, որ ասի, իշխանություններն էլ անեն»,– նշեց ակցիայի մասնակիցը։

Նրանք նաև հանդիպում են պահանջում ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ, որոնց հետ հարցի վերաբերյալ քննարկումներ են ունեցել։

Բնակիչներն ակցիայից հետո բացեցին ճանապարհը, հետագա քննարկումները շարունակելու են թաղամասում գործող իրենց շտաբում։

Sputnik Արմենիա