Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը։ Այս մասին նշվել է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։

«Հանրապետության նախագահը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արհեստական ​​բանականության գագաթաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել այս երկուշաբթի՝ 2025թ. փետրվարի 10-ին, Ելիսեյան պալատում։

Պետության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արհեստական ​​բանականության գագաթաժողովին մասնակցելու համար, որը ցույց է տալիս Հայաստանի և ԵՄ տեսակետների համընկնումը նորարարության և նոր տեխնոլոգիաների հարցերում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության նախագծերի զարգացումը հատկապես էներգետիկայի, պաշտպանության և տրանսպորտի ոլորտներում։

Այնուհետև երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Երկրի ղեկավարը հաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաև հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության հայ ժողովրդի ձգտմանը։

Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը քննարկել են կենսաբազմազանության վերաբերյալ #COP17-ի նախապատրաստական​​աշխատանքները, որը Հայաստանը կհյուրընկալի 2026թ.։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան լիովին պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նախապատրաստվելու #COP17-ին»,- նշվել է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

News.am