Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Թրամփի ճնշման պատճառով

Թեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության լեզուն։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Բանակցությունները պայմաններ են ենթադրում։ Ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, և հայտարարված առավելագույն ճնշումը ոչ մի կերպ չի նպաստում բանակցություններին։ Մենք ասում ենք ո՛չ հակառակ կողմի հետ բանակցություններին, քանի որ նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։ Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) ստորագրվեց Իրանի ջանքերի արդյունքում, բայց ամեն ինչ ավարտվեց նրանց միակողմանի դուրս գալով»,- մամուլի ասուլիսում ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։

Պատասխանելով Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանման մասին հարցին՝ Մոհաջերանին նշել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը կանխատեսելի էր, և կառավարությունն ունի գործողությունների պլան։

News.am