Պուտինը Թրամփին Մոսկվա է հրավիրել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պեսկովի խոսքով՝ զրույցը երկար ու բովանդակալից է եղել։ ՌԴ ղեկավարը պարոն Թրամփին հրավիրել է Մոսկվա, հայտնում է Коммерсант-ը։
«Զրույցի ընթացքում շոշափվել են մերձավորարևելյան կարգավորման, իրանական միջուկային ծրագրի, ինչպես նաև տնտեսական ոլորտում երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերությունների թեմաները»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Պեսկովի խոսքով՝ Դոնալդ Թրամփն ընդգծել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման և խաղաղ լուծման որոնումների անհրաժեշտությունը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է հակամարտության պատճառների վերացման կարևորությունը և աջակցել բանակցությունների միջոցով երկարաժամկետ կարգավորման գաղափարը։
«(Պուտինը,- Коммерсант) պատրաստակամություն է հայտնել ընդունելու ամերիկացի պաշտոնյաներին Ռուսաստանում աշխատանքային այն ոլորտներում, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում, իհարկե, ուկրաինական կարգավորման թեման»,- հավելել է Պեսկովը։
News.am