ԻՆՏՈՒԻՏԻՎ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հայաստանը չի կարող հրաժարվել ԵԱՏՄ շուկայից հօգուտ եվրոպականի, որքան էլ գրավիչ լինի ԵՄ-ին Հայաստանի անդամակցման գաղափարը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։
Օրինագիծը ներկայացրեց Արտակ Զեյնալյանը՝ մի շարք հասարակական կազմակերպությունների անունից, որոնք հանդես են եկել համապատասխան նախաձեռնությամբ և հավաքել 60 հազար ստորագրություն: Ինչպես նշեց Զեյնալյանը, օրինագիծը պետք է «ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավունքի գերակայությունը երկրում», համապատասխանեցնի Հայաստանի Զինված ուժերը եվրոպական չափանիշներին, ինչը թույլ կտա վերականգնել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Նրա խոսքերով, ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը կօգնի նաև «Հայաստանի նոր ինդուստրացմանը, արդյունաբերության վերազինմանը և նրա արտադրողականության բարձրացմանը»:
Այս առնչությամբ Բագրատյանը նշեց, որ տնտեսության տարբերականացումը շատ կարևոր է ցանկացած երկրի համար, բայց եթե խոսենք գազամատակարարման մասին, ապա ոչ միայն Հայաստանն է գազ ստանում Ռուսաստանից, այլև Եվրամիության երկրներն էլ դեռևս լիովին չեն տարբերականացրել դրա մատակարարումները:
Ինչ վերաբերում է առևտրի տարբերականացմանը, ապա Հայաստանից արտահանման ավելի քան մեկ քառորդը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին (հիմնականում Ռուսաստանին), իսկ եթե հաշվի առնենք բուն հայկական արտահանումը (չհաշված երրորդ երկրներ վերաարտահանումը), ապա ԵԱՏՄ-ի մասնաբաժինն ավելի մեծ է (2023 թվականի տվյալներով՝ ավելի քան 50% - խմբ.)։ Դրան Զեյնալյանը պատասխանեց, թե ոչ ոք չի խանգարում Հայաստանին մեծացնել առևտուրը ԵՄ-ի հետ, մնալով Եվրասիական միությունում, և «եվրոպացի մասնագետները կօգնեն ավելի արագ անցնել այդ ճանապարհը»:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, որ ՌԴ մի շարք պաշտոնական ներկայացուցիչներ, այդ թվում փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտարարել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրասիական և Եվրոպական միություններին, Զեյնալյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ-ն չի արտահայտում որևէ երկրի դիրքորոշումը:
«ԵԱՏՄ-ն անկախ երկրների միություն է, որը հիմնված է փոխադարձ շահի վրա։ Խոսքը ոչ թե առկա շուկաները կորցնելու, այլ դրանք նորերով համալրելու մասին է»,- հավելեց Զեյնալյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. եթե այդ նախաձեռնությունը ներկայացնողն ու պաշտպանողը Արտակ Զեյնալյանը չլիներ, ապա հնարավոր կլիներ հանգամանորեն, մանրամասն վիճարկել ու ջախջախել ներկայացված օրինագծի օգտին բերվող յուրաքանչյուր փաստարկ: Բայց քանի որ Զեյնալյանն այնուամենայնիվ ստիպված էր ելույթ ունենալ և հիմնավորել օրինագիծը, ապա նման լուրջ վեճի մեջ մտնելն անիմաստ է։ Պարզապես արձանագրենք որոշ փաստեր, որոնք նկատի առնելիս Զեյնալյանի ողջ «պաշտպանական գիծն» ինքնըստինքյան փլուզվում է։ Դե, իսկ այն հանգամանքին, թե ինչու է տվյալ դեպքում անձի գործոնը շատ կարևոր, կանդրադառնանք քիչ ավելի ուշ։
Եվ այսպես, Զեյնալյանը պնդում է, թե օրինագիծը «պետք է ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը»: Ճիշտը խոսենք, տարօրինակ միտք է: Ակնհայտ է, որ ցանկացած միություն, լինի դա եվրոպական, թե եվրասիական, լինի դա տղամարդու և կնոջ միություն, ավելի շուտ սահմանափակում է դրա մասնակիցների անկախությունը: Նրանք փոխադարձ կախվածության մեջ են ընկնում: Ցանկացած միություն սահմանափակում է իր մասնակիցների անկախությունը, քանի որ լրացուցիչ պարտավորություններ է դնում նրանց վրա: ԵՄ-ի դեպքում նման պարտավորությունները դրվում են նույնիսկ նախապես։ Տարիներ շարունակ, ասենք՝ ի՜նչ տարիներ, տասնամյակներ շարունակ անդամության թեկնածուի կարգավիճակում այս կամ այն երկրի գտնվելու ընթացքում։ Բազմաթիվ պայմաններ ու պահանջներ են նախատեսված այն երկրների համար, որոնք հավակնում են հայտնվել եվրոպական թիմում։ Եվ հաճախ այդ պահանջներն ու պայմանները կատարելու համար թեկնածու երկրները պետք է զոհաբերեն իրենց շահերը հանուն հավաքական շահերի։ Այստեղ կանգ չենք առնի այդ պահանջների բովանդակության վրա, այն փաստի, թե որքան կործանարար են դրանք այս կամ այն պետության համար։ Պարզապես կրկին կարձանագրենք ակնհայտը. ցանկացած միության անդամակցելու ձգտումը ենթադրում է անկախության և ինքնիշխանության ոչ թե ամրապնդում, այլ սահմանափակում։
Ահավասիկ Զեյնալյանի վարկածով ստացվում է, որ թակելով ԵՄ դուռը՝ Հայաստանը կկարողանա համապատասխանեցնել իր զինված ուժերը եվրաչափանիշներին և դրանով իսկ ապահովել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Այդ միտքն ընդհանրապես անհեթեթ է, քանի որ Եվրամիությունը տնտեսական միավորում է։ Բնության մեջ գոյություն չունեն եվրաչափանիշներ ԶՈՒ-ի մասով։ ԵՄ-ն չունի սեփական զինված ուժեր։ Եվրոպայում այդ ամենը ՆԱՏՕ-ինն է։
Առանձնակի հետաքրքիր է եվրաինտեգրման շնորհիվ Հայաստանի «նոր ինդուստրացման» մասին զեյնալյանական թեզը։ Դա առավելևս անհեթեթ է հնչում հենց Եվրոպայի ապաինդուստրացման խորապատկերին։ Եվրոպական տնտեսության լոկոմոտիվները, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, այսօր լուրջ տնտեսական ճգնաժամ են ապրում ՝ կապված էներգետիկ շուկաներում առկա խնդիրների հետ։ Եվրոպական արտադրական ոլորտը կորցնում է մրցունակությունը էներգակիրների գների և դրանց հսկայական պակասուրդի պատճառով։ Իսկ այստեղ Զեյնալյանը պնդում է, թե Հայաստանի կողմնորոշումը դեպի ԵՄ թույլ կտա վերազինել հայկական արդյունաբերությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը։ Խոսքն այն Եվրամիության մասին է, որն այսօր ջանում է թույլ չտալ, որ սեփական արդյունաբերությունը վախճանվի։ Ուղիղն ասենք, «երկաթե» տրամաբանություն։
Ոչ պակաս «երկաթե» տրամաբանություն է նշմարվում ԵԱՏՄ-ի մասին զեյնալյանական դատողություններում։ Նախ, նա համարում է, թե ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների մասին խոսելիս չպետք է կենտրոնանալ մեկ երկրի դիրքորոշման վրա։ Նա ասում է դա ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհամատեղելիության մասին Մոսկվայի նախազգուշացումների համատեքստում։ Զեյնալյանը, ըստ երևույթին, նկատի ունի, թե ԵԱՏՄ մյուս անդամները հնարավոր են համարում նման համատեղումը։ Զեյնալյանը, ըստ երևույթին, համարում է, թե Հայաստանի ու ԵԱՏՄ այլ երկրների փոխգործակցությունը միանգամայն կարող է զուգակցվել եվրաինտեգրման հետ։
Բայց եկեք տեսնենք, թե որքան է Հայաստանի տնտեսական համագործակցության ծավալը ԵԱՏՄ մյուս երկրների հետ, եթե բացառենք Ռուսաստանը։ Անցած տարվա տվյալներով՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 12 միլիարդ 706 միլիոն դոլար: Այդ գումարից 12 միլիարդ 401 միլիոն դոլարը կազմել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մասնաբաժինը։ Այսինքն ԵԱՏՄ բոլոր երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության 97,5 տոկոսն ապահովվում է հենց և միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությամբ։ Ուստի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության ընդամենը 2,5%-ն է բաժին ընկնում այն երկրներին, որ հիշատակում է Զեյնալյանը, որոնք, ըստ նրա, կարող են հնարավորություն տալ առանց Ռուսաստանի էլ առևտրատնտեսական հարաբերություններ կառուցել ՀՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև։
Երկրորդ, խոսելով այն մասին, որ կարելի է համատեղել Հայաստանի միաժամանակյա անդամակցումը ԵԱՏՄ-ին և եվրաինտեգրումը, Զեյնալյանը, և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր այդ կարծիքին են, մոռանում են հենց թեկուզ այն փաստը, որ Եվրամիությունը փաստացի տնտեսական պատերազմի մեջ է ԵԱՏՄ-ի հետ։ Խոսքը ԵԱՏՄ հիմնարար՝ ռուսաստանյան տնտեսության դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների աննախադեպ քանակի մասին է։ Եվ ԵԱՏՄ մյուս մասնակիցը՝ Բելառուսը նույնպես Եվրամիության պատժամիջոցային քաղաքականության թիրախն է։ Վերջապես, ԵԱՏՄ մյուս բոլոր երկրները գտնվում են ԵՄ-ի սևեռուն ուշադրության կենտրոնում՝ պատժամիջոցների շրջանցման սխեմաների համատեքստում։ Թե այս պայմաններում ինչպես կարելի է պատկերացնել ԵԱՏՄ-ում ՀՀ առկայության համադրումը եվրաինտեգրման ուղին բռնելու հետ, միայն Զեյնալյանին է հայտնի։ Դե, գուցե նաև այն մի քանի տասնյակ հազար ՀՀ քաղաքացիներին, որոնք ստորագրել են եվրաինտեգրման նախաձեռնության տակ…
Թվում է, թե հաշվի առնելով թվարկված եվ մի շարք այլ գործոնները, դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտման հիմնավորումներ տվյալ պահին չկան։ Ասենք, տեսանելի ապագայում էլ չեն լինի։ Եվ ահա այստեղ արժե ուշադրություն դարձնել Զեյնալյանի անձին։ Թավշե հեղափոխության արշալույսին, լինելով արդարադատության նախարար, հենց Զեյնալյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքի փոփոխման օրինագիծը, որի արդյունքում այդ կառույցից վերացան այնպիսի առանցքային նախարարություններ, ինչպիսիք են Գյուղատնտեսության նախարարությունը կամ Սփյուռքի նախարարությունը։ Հիմա կանգ չենք առնի այն բանի վրա, թե այդ փոփոխման արդյունքում ինչ վիճակի հասան երկրի ագրարային հատվածը կամ հայոց պետության և Սփյուռքի փոխհարաբերությունները։ Տվյալ դեպքում հետաքրքիրն այլ բան է։
Երբ խորհրդարանում Զեյնալյանը, կրկնեմ, ներկայացնում էր նման օպտիմալացման գաղափարը, երբ հարկ եղավ հիմնավորել այդ քայլի անհրաժեշտությունը և կանխատեսումներ ներկայացնել դրա արդյունավետության վերաբերյալ, նա (Զեյնալյանը) հայտարարեց. «Առաջնորդվել ենք համոզմունքով, ներզգացողությամբ, ինտուիցիայով...»: Շատ խորհրդանշական է, որ այսօր եվրաինտեգրման մասին օրինագիծը խորհրդարանում պաշտպանում է հենց Զեյնալյանը: Քանզի այս դեպքում նույնպես ռացիոնալ փաստարկներ չկան։ Իսկ դրանց բացակայության դեպքում ստիպված են ապավինել ինտուիցիային։ Զեյնալյանի ներքին ձայնին:
Ինչ-որ բան, ամենայն հավանականությամբ՝ նույն այդ ինտուիցիան հուշում է, որ երկրի զարգացման ինտուիտիվ շրջումը այս կամ այն ուղղությամբ չափազանց ռիսկային, աղետալի հետևանքներով սպառնացող ձեռնարկում է: Այստեղ, թեպետ, ներքին ձայնին օգնության է հասնում նաև փորձը։ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի փորձը: Հայրենի, զեյնալյանական ինտուիտիվ «բարեփոխումների» փորձը, որոնք թաղեցին ամբողջ ոլորտներ ու բնագավառներ…