Զելենսկին ասել է, որ չի կատարի առանց Ուկրաինայի մասնակցության ձեռք բերված պայմանավորվածությունները
Կիևը չի ճանաչի ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքները, եթե դրանք տեղի ունենան առանց ուկրաինական կողմի մասնակցության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Reuters-ը։
«Այսօր կարևոր է, որ իրադարձությունները չզարգանան ըստ Պուտինի ծրագրի, ով ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունները երկկողմանի դառնան, պետք է ներկայացված լինեն նաև եվրոպական երկրները», - հավելել է պետության ղեկավարը։
Երբ լրագրողները Զելենսկիին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի, ապա՝ իր հետ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Թրամփը տեղյակ է իր դիրքորոշմանը։ «Ես իսկապես կարծում եմ, որ Ուկրաինան պետք է առաջնահերթություն լինի։
Մենք պատերազմի մեջ ենք, իսկ Պուտինը մեր դեմ է»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել միաժամանակ երկխոսություն վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ «Զրույցում նա չի ասել, որ Պուտինն ու Ռուսաստանը իր համար առաջնահերթություն են։ Այսօր մենք վստահում ենք այս խոսքերին»,- հավելել է նախագահը։
Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության պահպանումը։ «Ես այս կոչը (Պուտինին. – TMT) չեմ ընդունում որպես նշան, որ Ռուսաստանը Թրամփի համար առաջնահերթություն է։ Թեև, իհարկե, դա տհաճ է, քանի որ մենք բոլորս՝ ուկրաինական հասարակությունը, մեր եվրոպացի գործընկերները, ակնկալում ենք, որ առաջին հերթին պետք է լինի Ուկրաինան։ «Ոչ մի բան, որը վերաբերում է Ուկրաինային, չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի», - ասել է Զելենսկին։
News.am