Պապոյան․ Որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը

ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է։ Այդ մասին կարճ տեսանյութ է հրապարակել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքում»։

Նա անդրադարձել է այն հայտարարություններին, որ ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար է։

«Այն մարդիկ, որոնք տարածում են այդ 12 մլրդ դոլար թիվը, կամ տեղեկացված չեն, կամ միտումնավոր են անում` մանիպուլացիայի են ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն` ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»,– հայտարարեց նախարարը։

Նշենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության 2024 թ. դեկտեմբերի տվյալների` 5 մլրդ 962 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքի մեջ միայն արտաքին հատվածն է։ Երբ դիտարկում ենք ՀՀ կառավարության պարտքը, որն իր մեջ ներառում է թե արտաքին պարտքը, թե ներքին պարտքը, թե ՀՀ կենտրոնական բանկի պարտքը, ապա 2024 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ այն կազմել է 12 մլրդ 338.2 մլն դոլար։

Sputnik Արմենիա