ՄԵԿՈՒԿԵՍ ԺԱՄ ՏԵՎԱԾ ԶՐՈՒՅՑ

Պուտինի և Թրամփի մեկուկես ժամ տևած զրույցը շատերին հույս ներշնչեց, որ հնարավորություն կա առաջիկա ամիսների ընթացքում վերջ տալ Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Եվ դրանով իսկ վերջ տալ ոչ այնքան ռուս-ուկրաինական հակամարտությանը, որքան Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ դիմակայությանը։

Դիմակայություն, որը մեծ աղետի եզրին հասցրեց աշխարհը: Դիմակայություն, որի արձագանքն ակնհայտ էր բազմաթիվ այլ տեղային հակամարտություններում։ Հայաստանն ու Արցախը իրենց վրա զգացին դա լիակատար չափով, քանզի Երևանում իշխանության ղեկին այն մարդն է, որի ականջին մշտապես շշնջում էին, թե Ռուսաստանը ուր որ է կփլուզվի, և ինչ-որ փուլում նա լրջորեն հավատաց դրան։

Շշնջացողները շատ-շատ էին, նրանց պարբերաբար վարձատրում էին, իսկ անհատի դերը այս կամ այն պետության հաղթանակների կամ ողբերգությունների մեջ ոչ ոք չի չեղարկել։ Փաշինյանը բացասական արդյունքի վառ օրինակն է։

Թվում է, թե վերջապես արթնանում է ողջամտությունը, և եթե երկու այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Թրամփն ու Պուտինը, միասին փնտրեն մոտեցումը խնդրի լուծման նկատմամբ, ապա լուծումը կգտնվի։ Կարելի է հուսալ, որ հարաբերական կայունություն կլինի, ինչը Թրամփին որոշ չափով արդեն հաջողվել է Մերձավոր Արևելքում։

Ավաղ, ահագնացման կասեցումը շատերին ձեռնտու չէ ի բնե։ Եվ կարծես թե գլխավոր վտանգը ոչ թե այն է, թե որքան հետևողական ու անկեղծ կլինեն Պուտինն ու Թրամփը տևական ու կայուն խաղաղության հասնելու նպատակի մեջ, այլ թե ինչ քայլեր կձեռնարկեն այն ուժերը, որոնց ձեռնտու է գլոբալ ահագնացումը:

Թրամփն այստեղ ավելի խոցելի վիճակում է, քան Պուտինը։ Թրամփի վրա ճնշում կգործադրեն և՛ երկրի ներսում, և՛ դրսից, ինչպես նրա հակառակորդները, այնպես էլ «դաշնակիցները»։ Սակայն, ինչպես արտահայտվում է Մասքը՝ «խելագար արմատականներին» Թրամփի դիմակայման նախկին փորձը հույս է ներշնչում, որ օլիգարխի իրեն բնորոշ թափով ԱՄՆ ներկայիս նախագահին կհաջողվի համահարթել այդ մարտահրավերները և խուսափել ֆորսմաժորային սցենարներից։

Ի՞նչ կարող է բերել Պուտինի և Թրամփի սկսված երկխոսությունը մեր տարածաշրջանին։ Եթե երկխոսությունն արդյունավետ ընթանա, և բոլորի համար ակնհայտ դառնա, որ արդյունքը մոտ է, ապա կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը կարագացնի Փաշինյանի հետ պայմանագրի ստորագրումը, որպեսզի անդառնալիորեն փակի Արցախի էջը: Փաշինյանն ուրախությամբ կգնա այդ քայլին՝ նաև իր ձախողման էջը վերջնականապես փակելու և «խաղաղության պայմանագիրը» որպես իր թիմի դիվանագիտական մեծ հաղթանակ ներկայացնելու համար։ Փաշինյանը կարող է նաև արտահերթ ընտրություններ նախաձեռնել, որպեսզի փորձի վարչապետական նոր ժամկետ ապահովել իր համար, քանի դեռ Պուտինն ու Թրամփը Յալթա-2 չեն ստորագրել

Ի դեպ, Հայաստանում իշխող թիմն արդեն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա ընտրություններին։ Այսօր նրանք խոսում են հերթական ընտրությունների մասին, բայց նոր պայմաններում ոչինչ չի խանգարի իշխող թիմին արագացնել ներկայումս ձեռնարկվող գործընթացները։ Նկատի ունենք ինչպես թիմերի նախապատրաստումը տեղերում, այնպես էլ նոր թափ ստացած բազմապիսի փորձերը՝ պառակտելու ընդդիմադիր շարժումը։ Վերջինի առումով իշխող թիմն արդեն զգալի արդյունքների է հասել, բայց այդքանի վրա կանգ առնել մտադիր չէ, քանի որ....

Ինչպես երեկ խորհրդարանում էքստազի մեջ բերանից թռցրեց Փաշինյանը, թեև ինքը երդում-պատառ է ուտում, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց իր խնդիրն այն է, որ պաշտպանի ժողովրդին, որպեսզի իշխանությունը հանկարծ չանցնի որոշակի խմբին ու նրա առաջնորդին։ Ահա այսպես, շատ կոնկրետ պատասխանեց Փաշինյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։

Ժամանակները փոխվում են, վաղեմի վախերը՝ մնում:

Հ.Գ.- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Ազգային ժողովի լիազորությունները երկարաձգելու մասին: Հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ չեն կարող անցկացվել։ Արցախի Հանրապետության խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թվականի մայիսին: Առանց այս հրամանագրի անհրաժեշտ կլիներ կա՛մ անցկացնել նոր ընտրություններ, կա՛մ ցրել խորհրդարանը, ինչը Ալիևի պահանջն է, և ինչին համաձայն են Հայաստանի կառավարությունում, համարելով, թե Արցախի պետական ինստիտուտները վտանգ են ներկայացնում ՀՀ անվտանգության համար: Ինչպես մեկնաբանում են փորձագետները, Շահրամանյանի հրամանագիրը պահպանում է խորհրդարանի իրավական հիմքերը, որպեսզի Արցախի հարցը չփակվի, և աշխարհաքաղաքական բարենպաստ զարգացումների դեպքում պատգամավորները հնարավորություն ունենան իրացնելու իրենց մանդատները: