Ռուբիոն Ֆիդանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Մյունխենում կայացած հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հարցը։

«Պետքարտուղարը նշել է Թուրքիայի առաջնորդությունը ԴԱԻՇ-ին հաղթելու համաշխարհային կոալիցիայում, Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը և Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ընդհանուր նպատակը»,- հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Ռուբիոն նաև ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ կայուն և միասնական Սիրիային աջակցելու նպատակով։ Բացի այդ, կողմերը քննարկել են ամերիկա-թուրքական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները, տարածաշրջանում ընդհանուր շահերը և երկկողմ առևտրի աճը:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին, Մյունխենում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերությունը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում իրադարձությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Հունվարի 24-ին Ռուբիոն և Ֆիդանը շեշտել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը։

Armenia Today