Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարության և մյուս գերիների շինծու դատավարությունը

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և գերեվարված Էրիկ Ղազարյանի փաստաբանները նիստի սկզբում խնդրել են առանձնազրույցի հնարավորություն տալ, միջնորդությունը բավարարվել է։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 18-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 13–ին կայացած նիստում հայտնել է, որ հրաժարվում է պետության տրամադրած հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից, և իր շահերը պաշտպանելու է միայն պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։

Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Մեղադրանքների թվում է «արտերկրում Ադրբեջանի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելը»։

Sputnik Արմենիա