«ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ԿՈՐԾԱՆԵՑ ԿՅԱՆՔՍ». ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Կրկին մեր հենց սրտին հարվածեցին անմոռաց Արմեն Գրիգորյանի խոսքերը. «Հեռացրեք սրան (Փաշինյանին – խմբ.), որ այլևս ոչ ոք չմեռնի, որ մենք այլևս հող չկորցնենք, որ մարդկանց կյանքը չկործանվի, որ մեր երկիրն այլևս չխայտառակվի...»: Կրկին, որովհետև կյանքից հեռացավ մի նշանավոր անձնավորություն, և կրկին մահվան պատճառը կամ այն արագացրած գլխավոր գործոնը Հայաստանի հետ տեղի ունեցող 7-ամյա աղետն է, որի վերջը դեռ չի երևում:
Մահացել է իրավապաշտպան և հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը. այսպես հակիրճ բնութագրեցին նրան լրատվամիջոցները, մի քանի բառ հավելելով այն մասին, որ նա «եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ծանր տարել Արցախի կորուստը և 2018-ի «հեղափոխությունից» հետո իշխանությունների ամենախիստ քննադատներից մեկն էր»: Հարազատները հրապարակել են նրա հրաժեշտի խոսքը՝ լի ցավով, տառապանքով ու հիասթափությամբ։ «2020թ. դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ …Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը»,- ասվում է ուղերձում:
Այն մասին, որ Ավետիքը ծանր հիվանդ էր, շատերը գիտեին։ Բայց նա շարունակում էր ժամանակ առ ժամանակ գրել սոցցանցերում, չկարողանալով զսպել հույզերը՝ ցավը, զայրույթը, հուսահատությունը, հստակ գնահատականներ տալով Հայաստանում տեղի ունեցող ամենին։ Մոտ մեկ-մեկուկես ամիս առաջ նա իր էջում հրապարակեց Վահան Տերյանի «Հրաժեշտի գազել» բանաստեղծությունը, և մենք հասկացանք, որ նա հրաժեշտ է տալիս մեզ, քանզի ապրելու և այդ ամենին դիմանալու ուժ այլևս չունի…
Մասնագիտությամբ լինելով երկրաբան՝ Ավետիքը ի բնե իրավապաշտպան էր՝ այս բառի ոչ թե արժեզրկված, սովորական դարձած ու դրանից իր խորքային ազնիվ էությունը կորցրած, այլ ճշմարիտ իմաստով։ Լինելով մտավորականների հայտնի ընտանիքի ներկայացուցիչ (հայրը՝ ականավոր լեզվաբան Ռաֆայել Իշխանյան, մայրը՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Բյուրակն Չերազ-Անդրեասյան, եղբայրը՝ լրագրող և գրող Վահան Իշխանյան, որը մահացել է 2022 թվականին, քույրը՝ Վարդուհին Վազգեն Մանուկյանի կինն է), նա ժառանգել է լավագույն որակներն ու ավանդույթները. վառ ինքնատիպությունը, կյանքի հիմնական դիրքորոշումների սկզբունքայնությունը, հավատարմությունն ազգային արժեքներին։ Եվ նաև՝ խորքային, բնական, ոչ մի այլընտրանք ու փոխզիջում չճանաչող հայրենասիրությունը։
Դժվար է անցյալ ժամանակով խոսել մարդու մասին, եթե լավ ճանաչել ես նրան երկար տարիներ: Մանավանդ որ Ավիկը միշտ առույգ, ակտիվ, անմիջական մարդ է եղել՝ հումորի բացառիկ զգացումով. նրա հետ շատ հեշտ էր շփվել ու ընկերություն անել: Եվ միայն անձնակի խոր վերապրվող ազգային ողբերգությունը կարող էր վերածել նրան կոտրված, ամեն ինչից հիասթափված, հուսահատված, հիվանդ ու միանգամից ծերացած մարդու, որը ցանկանում էր հեռանալ կյանքից, քանզի այլևս չէր կարող տեսնել Հայրենիքի հետ կատարվող ամենը:
Քանի՞ այդպիսի մահ է եղել Հայաստանի համար աղետալի վերջին 7 տարիներին։ Էլ քանի՞ ճակատագիր է կործանել 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Քանի՞ հայ է հեռացել կյանքից՝ չդիմանալով մահաբեր ռեժիմի մեղքով հայ ժողովրդին պատուհասած արհավիրքներին։ Տասնյակ նշանավոր մարդիկ, որոնց վախճանի մասին հաղորդել են լրատվամիջոցները, և էլի հազարավոր զոհվածներ 44-օրյա պատերազմում ու դրանից հետո. նրանք, որոնց մասին մենք չգիտենք, բայց որոնց հեռանալու պատճառը նույնպես Արցախի կորուստն ու շարունակվող ազգային ողբերգությունն էր:
Հեռանում է ազգի սերուցքը, հեռանում են հայոց հողի աղն ու էությունը մարմնավորող լավագույնները՝ չդիմանալով վշտին, խայտառակությանը, անթիվ կորուստներին ու հիասթափություններին: Ավետիք Իշխանյանը նրանցից մեկն է, ժամանակային առումով վերջինը, բայց ավա՜ղ, բնավ ոչ ամենավերջինն այդ շարքում։ Հայաստանը կորցնում է իր ճշմարիտ հայրենասերներին, կորցնելով ինքն իրեն, և մահվան այս հունձքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայրենիքի ճակատագիրը, չնչին իսկ երկմտանք ու խղճի խայթ չզգալով, տնօրինում է երկիրն աշխարհաքաղաքական աճուրդի հանած և թշնամիներին այն հետևողականորեն վաճառած տականքների բոլուկը:
«Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար»,- իր հրաժեշտի խոսքում գրել է Իշխանյանը: Այս բառերը ծանրագույն մեղադրանք են ինքն իրեն, մեզ ամենքիս, որ հանդուրժում ենք բարոյազրկության, ստորության և ցինիզմի այն սանձարձակ մոլեգնությունը, որը հանգեցրեց Արցախի կորստին և շարունակում է անդունդ տանել ողջ Հայաստանը: Այս խոսքերի մեջ ահավոր ողբերգությունն է այն մարդկանց սերնդի, որոնք նվիրեցին իրենց կյանքն Արցախի ազատագրմանը, բայց ականատես եղան նրա կորստին աննախադեպ դավաճանության արդյունքում, այս խոսքերի մեջ անտանելի ցավն է պատմության ու ազգի առջև պատասխանատվության գիտակցումից և իրադարձությունների ընթացքը փոխելու սեփական անզորությունից:
Այս մահաբեր շղթան պետք է կոտրել։ Հուսահատությունը պետք է պայթի պայքարի տեսքով, և իսկական հայերի ու իսկական Հայաստանի հաղթանակը պետք է անխուսափելի դառնա: Հենց դրա կոչն է իրականում մեզ անում Իշխանյանի վերջին «ներեցեք»-ը ։ Մենք, որ շարունակում ենք ապրել ու տեսնել «Հայաստանի վերջնական կործանումը», պարտավոր ենք թույլ չտալ դա նաև այն պատճառով, որ շարունակում ենք հսկայական պարտքի տակ մնալ բոլոր հեռացածների առջև: Հիմա՝ նաև Ավետիքի նկատմամբ պարտքի։
Մեր միակ արդարացումը, նրանց հիշատակի հարգումը և մեղքի քավությունը կարող է դառնալ միայն մեկ բան. Հայաստանի և Արցախի ազատագրումը թշնամական բռնազավթումից և վերադարձն ինքներս մեզ։ Մեր այն էությանը, ինչպիսին Ավետիք Իշխանյանն էր. հայրենասերը, որը չպատկերացրեց իր կյանքն առանց Արցախի ու Հայաստանի։
«Գոլոս Արմենիի»-ի խմբագրակազմը սգում է Ավետիք Իշխանյանի մահը և խորին ցավակցություն հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին: