Բաքվում ավարտվել է Արցախի նախկին ղեկավարների և մյուս գերիների «մեղադրանքի» հրապարակումը
Բաքվում անցկացվող «դատավարությունում» ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ մեղադրական ակտի հրապարակումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրանց մեղսագրվում են «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ, խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմի օրենքների և սովորույթների խախտում, ահաբեկչություն» և այլն։
Հաջորդ «դատական նիստը» նշանակված Է փետրվարի 20-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 13–ին կայացած նիստում հայտնել է, որ հրաժարվում է պետության տրամադրած հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից, և իր շահերը պաշտպանելու է միայն պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։
Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Մեղադրանքների թվում է «արտերկրում Ադրբեջանի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելը»։
Sputnik Արմենիա