Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկխոսություն հաստատել տնտեսության ոլորտում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են երկխոսություն հաստատել տնտեսության, այդ թվում՝ էներգետիկայի և տիեզերքի ոլորտում համագործակցության վերականգնման շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

«Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տնտեսության, այդ թվում՝ էներգետիկայի, տիեզերքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության վերսկսման շուրջ երկխոսության հաստատման վերաբերյալ», - ասված է կոմյունիկեում:

Ըստ աղբյուրի՝ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են դեսպանների շուտափույթ նշանակման և փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններ սկսելու մասին: