ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ. ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ
Աբխազիայի հայ բնակչության շուրջ ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել ընտրությունների առաջին փուլից հետո։ Ուժային կառույցներում մի շարք աղմկահարույց պաշտոնանկություններ են տեղի ունեցել սոցիալական ցանցերում տարածվող հակահայկական հռետորաբանության և ընդդիմադիր թեկնածու (թուրքամետ կողմնորոշում ունեցող) Ադգուր Արձինբայի կողմնակիցներից հնչող սպառնալիքների ֆոնին:
Սպառնալիքներ հայերի հասցեին
Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Աբխազիայի սոցցանցերն ու պարբերականները լի է հակահայկական հռետորաբանությամբ։ Պատճառը սոցցանցերում հայտնված տեղեկություններն են այն մասին, որ Աբխազիայի գրեթե ամբողջ հայ բնակչությունը ձայնը տվել է Ռուսաստանի աջակցությունը վայելող թեկնածու Բադրու Գունբուին։ Դա բացասական արձագանք է առաջացրել Ադգուր Արձինբայի շտաբում, որին համարում են Թուրքիայի դրածո։
Իրավիճակը սրվել է փետրվարի 17-ին, երբ սոցիալական ցանցերում ձայնագրություն տարածվեց, որում, մասնավորապես, Աբխազիայի նախագահի պաշտոնի ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (որը նաև Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի եղբորորդին է) կոչ է անում լուծել հայերի հարցը:
«Երկրորդ փուլի համար շատ լուրջ եզրակացություններ պետք է անեն և, այդ թվում, հայերը։ Աբխազներն էլ են շատ հարցերում «քաշել», բայց, այ, հայերը... Նրանց հետո արդեն ուրիշ ձև է պետք աշխատել։ Պետք է միայն վախեցնել...»։
Այնուհետև նոր գրառումներ հայտնվեցին, որոնք հաստատում էին, որ Արձինբայի կողմնակիցները մտադիր են հայ համայնքի «հարցերը լուծել»:
Հայ համայնքի արձագանքը
Թեև հակահայկական հռետորաբանությունը կար նաև ընտրություններից առաջ, սակայն մինչև օրս Աբխազիայի հայ համայնքի կողմից պաշտոնական արձագանք չէր եղել: Այս անգամ, իրական սպառնալիքների (ընդհուպ ջարդերի կոչերի) ֆոնին, հայ համայնքի ներկայացուցիչները համացանցում տարածված ձայնագրությունից անմիջապես հետո հայտարարություն են տարածել, որում Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբային կոչ են արել պաշտպանել համայնքը ընդդիմադիր քաղաքական ուժերի հարձակումներից:
«Այդ նյութերը բռնության ուղիղ կոչեր են և խաթարում են ազգամիջյան միասնությունը Աբխազիայի Հանրապետությունում։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ճնշումներ են գործադրվում մի շարք գյուղերի ղեկավարների վրա, որտեղ ազգությամբ հայեր են բնակվում, և սպառնալիքներ են հնչում կոնկրետ ուժերի աջակցելու պահանջով։
Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը ձեռնպահ էր մնում հրապարակային հայտարարություններից՝ հավատարիմ մնալով ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքներին: Սակայն իրավիճակը, երբ բռնության և սահմանադրական իրավունքների սահմանափակման բացահայտ կոչեր են հնչում, անհապաղ և կոշտ արձագանք է պահանջում»,- նշվում է հայտարարության մեջ։
Համայնքի ներկայացուցիչները պահանջում են անհապաղ պարզել տարածվող ձայնագրությունների իսկությունը և կոշտ իրավական գնահատական տալ արտահայտություններին:
Բորբոքվող սկանդալի ֆոնին նախագահի պաշտոնակատար Էնվեր Բգանբայի եղբորորդին որոշել է նահանջել և խոստովանել է, որ ձայնագրությունն իրական է՝ առանց որևէ մոնտաժի (նախկինում ընդդիմությունը հերքում էր ձայնագրությունը՝ պնդելով, որ ձայնը նեյրոցանցով է ստեղծված- խմբ):
Բգանբան հաշտվելու նպատակով այցելել է Աբխազիայի հայ համայնքի նախկին ղեկավար Խաչիկ Մինասյանին և ներողություն խնդրել՝ հայտարարելով, որ խոսելու պահին «զգացմունքային է եղել»։
Այս ֆոնին տեղի են ունեցել ՆԳՆ և Պետանվտանգության ծառայության ղեկավարների աղմկահարույց պաշտոնանկությունները։ Մի շարք փորձագետներ պնդում են, որ դրանք ուղիղ կապ ունեն հենց հակահայկական պատմության հետ։ Կարծիք կա, որ նախագահի պաշտոնակատարն այդ կերպ փորձում է իր եղբորորդուն ազատել հնարավոր քրեական գործից, իսկ ընդդիմադիր Արձինբան ազատվում է այն պաշտոնյաներից, որոնք կարող էին դիմակայել հակահայկական ջարդեր կազմակերպելու և իշխանությունը ուժով զավթելու նրա փորձերին։
Ազգամիջյան տարաձայնություններն ու ուժայինների հրաժարականները
Ի պաշտպանություն հայ բնակչության միջամտել է նախագահի թեկնածու Բադրա Գունբան՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ իրենք բավականաչափ ուժ ունեն, որ թույլ չտան ազգամիջյան երկպառակություն հրահրել՝ նշելով, որ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ չեն տվել որևէ մեկին վիրավորել կամ էլ նսեմացնել որևէ մեկի արժանապատվությունը՝ ի տարբերություն զենքով սպառնացող ընդդիմախոսների։
«Հակառակորդիս և նրա կողմնակիցներին կոչ եմ անում հանգստություն պահպանել, ազգամիջյան տարաձայնություններ հրահրող արտահայտություններ թույլ չտալ, զերծ մնալ ապակառուցողական հայտարարություններից և գործողություններից։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ ՝ ազգային հակասությունների խաղաքարտն օգտագործելն անընդունելի է»,-ասվում է Բադրա Գունբայի հայտարարության մեջ:
Այս ամենին զուգահեռ սոցցանցերի աբխազական հատվածում ուժայինների հրաժարականների հետ կապված բողոքի ալիք է բարձրացել։ Աբխազիայի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրում են նոյեմբերի պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ եղբորորդուն քրեական գործից փրկելու նպատակով։
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր Telegram-ալիքում գրել է, որ նախագահի պաշտոնակատար Էնվեր Բգանբայի եղբորորդին պետք է անցնի բոլոր քննչական ընթացակարգերը՝ Աբխազիայի հայ բնակչության «հարցերը լուծելու» կոչերի պատճառով։
Ռուսաստանի արձագանքը
Մոսկվայի արձագանքը չուշացավ։ Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիների օգտին հանդես եկավ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, որը հանձնարարեց ստուգում անցկացնել Աբխազիայում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների խախտման փաստի առնչությամբ:
«Մի շարք ԶԼՄ-ներում հաղորդվում է, որ Աբխազիայի նախագահի թեկնածուներից մեկի շահերի համար գործող որոշ անձինք տեղի բնակիչներից, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բնակիչներից պահանջել են աջակցել կոնկրետ քաղաքական ուժերի։ Ընդ որում, բռնության կիրառման սպառնալիքներ են հնչել Աբխազիայի և Ռուսաստանի հայազգի քաղաքացիների նկատմամբ»,-ասված է Բաստրիկինի հայտարարության մեջ։
Նա գլխավոր քննչական վարչությանը հանձնարարել է անձնական հսկողության տակ վերցնել Աբխազիայում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ սպառնալիքների և նրանց իրավունքների խախտման փաստի վերաբերյալ դատավարական ստուգումը:
Արձագանքել է նաև Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «Ռուսաստանի համար կարևոր է, որ Աբխազիայում ընտրական գործընթացն ավարտվի օրինական դաշտի շրջանակներում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Աբխազիայում կայացել են նախագահական արտահերթ ընտրություններ: Քվեարկությանը մասնակցել է 99 հազար քաղաքացի (69 տոկոս)՝ ընտրելու իրավունք ունեցող 134 500 քաղաքացուց։
Առաջին փուլի արդյունքներով հանրապետության փոխնախագահ Բադրա Գունբան հավաքել է 46,38 տոկոս, Էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան՝ 36,92 տոկոս, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Ռոբերտ Արշբան՝ 7,53 տոկոս, Ռուսաստանում Աբխազիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը՝ 4,04 տոկոս, Սևծովյան զարգացման բանկի վարչության նախագահ Ադգուր Խուրխումալը՝ 0,91 տոկոս:
Քանի որ ոչ ոք ձայների 50 տոկոսից ավելին չի հավաքել, երկրում ընտրությունների երկրորդ փուլ է նշանակվել մարտի 1-ին։
ԿԸՀ ղեկավարը հիշեցրել է, որ աբխազական օրենսդրության համաձայն՝ երկրորդ փուլում ընտրությունները կայացած ճանաչելու համար մասնակցությունը պետք է կազմի առնվազն 25 տոկոս (առաջին փուլում ՝ առնվազն 50 տոկոս): Ընտրված է համարվում առավելագույն թվով ընտրողների ձայներ ստացած թեկնածուն: