Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցին Ալիևը Ստեփանակերտում «հաղթանակի այգի» է հիմնում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական այցն է կատարել օկուպացված Լեռնային Ղարաբաղ։
Ուղևորության շրջանակում Ալիևը բացել է հյուրանոցներ, ստուգել օբյեկտները, ինչպես նաև մասնակցել է օկուպացված Ստեփանակերտում «հաղթանակի զբոսայգու» հիմնարկեքին։
Բնավ պատահական չէ, որ «այգու» հիմնարկեքի արարողությունը տեղի է ունենում փետրվարի 19-ին, և միանգամայն ակնհայտ է, թե որ ամսաթվին է այն հարմարեցվում։
Փետրվարի 19-ին լրանում է ադրբեջանցի հանցագործի կողմից հայ սպայի դաժան սպանության 21-րդ տարելիցը։
2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվում էին անգլերեն լեզվի դասընթացներ: Դրանց մասնակցել են հայ և ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանը և նրան սպանող ռամիլ սաֆարովը։ Փետրվարի 19-ի գիշերը սաֆարովը մտել է չկողպված սենյակ և կացնով սպանել քնած Գուրգեն Մարգարյանին։ Դրանից հետո սաֆարովը փորձել է սպանել երկրորդ հայ սպային՝ Հայկ Մակուչյանին։ Բարեբախտաբար, փորձն անհաջող էր. սենյակի դուռը փակ էր։
2006թ. ապրիլի 13-ին այդ թվում հայ փաստաբան Նազելի Վարդանյանի ջանքերով սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ Դատարանում սաֆարովը փոխել է ցուցմունքը և հրաժարվել նախնական հայտարարություններից՝ պատճառաբանելով, որ լավ չի տիրապետում ռուսերենին և անգլերենին։
2008-ին Երևան կատարած այցի ժամանակ Հունգարիայի արտգործնախարար Կինգա Գենցը, պատասխանելով սաֆարովի Ադրբեջան վերադառնալու հնարավորության մասին հարցին, նշել է, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ «ռամիլ սաֆարովի արարքը ցնցող էր հունգարական հասարակության համար. Սաֆարովի վերադարձի հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի։ Սաֆարովի հետ կապված բոլոր հարցերը լրջորեն կդիտարկվեն։ Ամենակարևոր հարցն այն է, թե սաֆարովը ցմահ բանտարկություն կկրի Ադրբեջանում, թե ոչ»,- ասել է նախարարը։
Մի քանի տարի անց այդ երկրի իշխանությունները՝ հանձին վարչապետ Վիկտոր Օրբանի, գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Թույլ տալով իրեն կաշառել ադրբեջանական նավթադոլարներով՝ Հունգարիան արդարության և օրինականության հայեցակարգը փոխանակեց այսրոպեական շահի հետ։ ռամիլ սաֆարովին վերադարձրին հայրենիք, որտեղ անմիջապես ազատ արձակեցին և հերոսի կոչում շնորհեցին։ Նույն օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։
Ադրբեջանի իշխանությունները սաֆարովին ոչ միայն փոխհատուցել են «պատճառած վնասը»՝ բնակարանի և կոչման տեսքով, այլև նրան բարձրացրել ազգային հերոսի աստիճանի։ Չնայած դրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղիղ կապ չտեսավ Ադրբեջան պետության և սաֆարովի արարքի միջև։ Ե՛վ անձամբ սաֆարովը, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները բացարձակ անպատիժ մնացին։
2012թ. հոկտեմբերի 10-ին Հունգարիայի մտավորականության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Գուրգեն Մարգարյանի շիրմին։ Ուսուցիչ, լրագրող և հրատարակիչ Գաբոր Դիկը, հոգևոր հովիվ Գաբոր Իվանյին, պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զոլտան Բիրոն և ինժեներ-մեխանիկ Ռուդոլֆ Ունգվարին ժամանել են Երևան՝ ներողություն խնդրելու Հունգարիայի իշխանությունների գործողությունների համար՝ ռամիլ սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար։
Անցած տարվա դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, դատարանի որոշումների կատարման մոնիթորինգի շրջանակում, հրապարակել է ևս մեկ որոշում «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը վերաբերում է 2004թ. Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը, տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները. ՄԻԵԴ որոշումից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել որոշման անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը, ինչպես նաև պահանջում է ապացույց, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներման նամակները ջնջվել են։ Կոմիտեն հիշեցնում է, որ նման ծանր հանցագործությունների համար մեղավորները պետք է զրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Կոմիտեն կրկին պահանջում է ճշտել սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը։
News.am