Մարկուս Ռիտեր․ ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունը համարում է օգտակար գործիք

Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսելն առաքելության աշխատանքն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու գործում։

«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ խոսելով առաքելության մանդատի երկարաձգման, առաքելության հետագա անելիքների, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ԵՄ առաքելության հասցեին հնչող մեղադրանքների մասին։

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միաժամանակ նաև արձանագրել է, որ սկսած 2023 թվականի փետրվարից՝ հայ-ադրբեջանական սահմանին առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են։

«Ակնհայտ է, որ մեր (խմբ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն)՝ 2023 թվականի փետրվարի 23-ին Հայաստան ժամանելուց հետո, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի և հսկողության գծի երկայնքով միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է, մեր պարեկությունը սահմանի երկայնքով, և մեր ներկայությունն է, որ օգնում է նվազեցնել միջադեպերը: Ոչ միայն մենք, այլ նաև քաղաքական միջավայրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին»,-նշել է Մարկուս Ռիտերը։