Թրամփի հատուկ ներկայացուցիչը «լավ բանակցությունների» հույսով ժամանել է Կիև

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Քելլոգին դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով իր այցը Կիև՝ ամերիկացի պաշտոնյան ասել է, որ «դա պոտենցիալ բանակցություններ վարելու լավ հնարավորություն է»։

«Մենք կլսենք: Մենք պատրաստ ենք տրամադրել այն, ինչ անհրաժեշտ է: Հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը: Իմ առաքելության մի մասը լսելն է: Այնուհետև ես կվերադառնամ ԱՄՆ, կխոսեմ նախագահ Թրամփի հետ՝ համոզվելու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում»,- ասել է Քելլոգը:

Նա հավելել է՝ իսկապես հավատում է, որ «պատերազմը չէր սկսվի, եթե այդ ժամանակ Թրամփը լիներ նախագահ»։ «Նա հասկանում է, որ մարդիկ տառապում են, հասկանում է, թե ինչ ավերածություններ կան: Եվ մենք ուզում ենք, որ սա ավարտվի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Aysor.am