Պալյան․ Քաղաքապետարանն առանց հիմքի, մի քանի միլիոնի մեղադրանք է ներկայացրել Երուսաղեմի հայկական եկեղեցուն

Երուսաղեմի հայկական եկեղեցին ահազանգում է՝ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը։ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար:

Պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացն այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Երուսաղեմի «Save the ArQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանի հետ։

«Նշեմ, որ «Կովերի պարտեզի» հետ ընդհանրապես կապ չունի, խոսքն այդ տարածքի մասին չէ, այլ այն կալվածքների ու շենքերի մասին, որոնք գտնվում են Արևմտյան Երուսաղեմում։ 1994թ արդեն ինչ-որ լարվածություններ կային այդ կալվածքների, գույքի շուրջ։ Ընթացքում խնդրին ինչ-որ լուծումներ տվել են։ Այս պահին, դժբախտաբար, Երուսաղեմի քաղաքապետարանը բոլոր օրենքներն անտեսելով որոշեց միանգամից հսկայական գումարներ ներկայացնել առանց որևէ հիմքի, փաստի։ Փորձում են բռնազավթել այդ տարածքները»,- նշել է Սեդրակ Պալյանը։

Նրա խոսքով՝ Երուսաղեմի քաղաքապետարանն անտեսել է Պատրիարքությանը։

«Միակողմանի քայլեր է արել Երուսաղեմի քաղաքապետարանը։ Ինչքան գիտեմ, կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց տասնյակ միլիոնների մասին է խոսքը։ Խնդիրը դրանում չէ։ Խնդիրն այն է, որ պետք է ամբողջ գույքահարկի պահանջ ներկայացնեն՝ հիմնված փաստերի վրա։ Բայց դա չի եղել, անտեսել են Հայոց պատրիարքությանը»,- նշել է Սեդրակ Պալյանը։