ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՇՐՋԵԼ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷՋԸ ՆԱԽՔԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն հարցում, որ Փաշինյանը շարունակում է քաղաքական հաշվեհարդարներ տեսնել քրեական հետապնդումների միջոցով, մեղքի բաժին ունեն նաև շարքային քաղաքացիները։ Հայ հասարակությունը 2018-ից հետո սարսափելի անտարբեր է դարձել։ Օրինակ, քչերին հետաքրքրեց այն փաստը, որ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց 2025 թվականի հունվարի 3-ին, այսինքն՝ 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 4 տարի անց։ Միայն հիմա «պարզվեց», թե 2020 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում Խաչատրյանը թույլ է տվել «ծառայողական անփութություն. Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների»:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը չի ցանկանում բավարարել բաց դատաքննություն անցկացնելու գեներալի փաստաբանների պահանջը: Ամբաստանյալը թաքցնելու ոչինչ չունի, իսկ մեղադրող կողմը պնդում է, թե դատական նիստերն անհրաժեշտ է անցկացնել դռնփակ: Ոմն մեկը բոլորովին չի ցանկանում, որ ճշմարտությունը ջրի երես ելնի: Խոսքն այն մասին է, որ բաց դատաքննությունը կարող է հաստատել, որ Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում գեներալի հետ՝ ընդդիմությանը սատարելու համար։ Բարեբախտաբար, փետրվարի 18-ին դատարանը փոխեց խափանման միջոցը՝ 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով Խաչատրյանին։

Ինչո՞ւ է ռեժիմը 44-օրյա պատերազմից հետո գաղտնի պահում Էջմիածնի «քիմիկոսների զորամասի» անհետ կորած ծառայողների հետ կապված իրադարձությունների մանրամասները Դատաքննությունն արհեստականորեն ձգձգվում է, մեղադրյալի աթոռին են գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը և զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Մակարյանը չի նշմարվել ընդդիմության հանդեպ համակրանքի մեջ, ուստի, չնայած ծանր մեղադրանքին, կալանավորված չէ, նրանից միայն չբացակայելու ստորագրություն են վերցրել։ Անհետ կորածների ծնողները պահանջում են ճշմարտությունն ասել իրենց երեխաների ճակատագրի մասին, նրանք հղում են անում ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի և Ադրբեջանի նմանատիպ ծառայության ղեկավարի հանդիպմանը: Հունվարի 30-ին խորհրդարանում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ փակ նիստը ոչինչ չավելացրեց անհայտ կորած 195 հոգու մասին արդեն իսկ առկա տեղեկություններին:

Ի տարբերություն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի, որը փետրվարի 7-ին դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման, իսկ մինչ այդ ազատության մեջ էր, Ցոր զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի նախկին պետ, հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանն արդեն 3,5 տարի կալանքի տակ է: Վերջին 10 ամիսների ընթացքում նրա գործով ոչ մի դատական նիստ տեղի չի ունեցել։ Դատական նիստերը նշանակվում են, սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն անկարող է ապահովել մեղադրյալի ուղեկցումը դատարան: Այս խնդրի մասին այսօր շատ է խոսվում, կադրերի պակասը բացատրվում է ցածր աշխատավարձով (120 հազար դրամ)։ 10 դատական նիստերից 8-ը չեն անցկացվում նշյալ պատճառով, մեղադրյալների փոխարեն դատարան են ուղարկվում համապատասխան փաստաթղթեր՝ պատճառների բացատրությամբ:

ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ՀԻՇԵՑՆԵՄ, ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՑՈՐԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ։ Ըստ մեղադրանքի, որը բազմիցս մեջբերվել է մեր հրապարակումներում, 2020թ. հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Արցախ) շրջանում մարտական գործողությունների ընթացքում մարտական հենակետից նա փախուստի է դիմել զինվորական մեքենայով: Առանց հրամանատարի մնացած զինվորների շրջանում խուճապ է առաջացել։ Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ պատշաճ կերպով չվերլուծելով ստացված տեղեկությունը՝ հայտարարել է, թե մոտեցող ստորաբաժանումը հայկական է: Այդ գործով անցնում էր նաև գեներալ Հարությունյանը։ Ըստ ցուցմունքների՝ այն տեղեկությունը, թե մոտեցող ստորաբաժանումը «մերոնք են», բխել է նրանից։

Գևորգյանը գտնվել է 1,5 կմ հեռվում՝ սարի վրա։ Նրա փաստաբանների խոսքերով՝ նա առաջինն է նկատել հայկական դիրքերի ուղղությամբ շարժվող զինվորականների մեծ խումբը և անմիջապես զեկուցել է Հարությունյանին։ Գեներալը պատասխանել է, թե «մերոնք են»։ Չնայած հրամանատարի պատասխանին՝ Գևորգյանը պարտավոր էր ակնդետ հետևել այդ խմբի տեղաշարժին, սակայն չի արել դա, արդյունքում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինվորների վրա: Գործում ցուցմունքներ կան, որ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը ռադիոկապով հայտարարել է, որ զինվորները փախչեն՝ ով ոնց կարող է: Ցուցմունքներ կան նաև այդ բախման մյուս մասնակիցների գործողությունների մասին, սակայն, չնայած բազմաթիվ հրապարակումներին, հանրության հետաքրքրությունը 44-օրյա պատերազմի դրվագների նկատմամբ նվազագույն է։ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 2-ին:

Դրանից հետո գեներալին ավելի քան 2 ամիս չեն կանչել ՔԿ, թեև խոսքը, հիշեցնեմ, Ցորի զորամասի 20 զինվորների մահվան մասին էր։ Երբ 2020թ. հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիից ոչ հեռու նկատվել է ավելի քան 100 հոգանոց զինվորական խումբը, նրանց մեջ կարելի էր տեսնել հայկական բանակի համազգեստով մարդկանց։ Դա հակառակորդի շեղող հնարքն էր։ Հարությունյանն առանց պատշաճ ստուգման զեկուցել է դիվիզիոնի հրամանատարությանը, թե «մերոնք են»։ Հրամանատարությունը մի քանի անգամ հստակեցրել է զեկույցը, արդյունքում՝ 20 զոհ և 7 վիրավոր։ Զոհվածների ծնողները մեղավոր են համարում նաև հրետանու պետ Գենադի Բաղդասարյանին: Առայժմ պարզ է միայն մեկ բան. 44-օրյա պատերազմի ժամանակ ճակատներում խառնաշփոթ ու քաոս էր տիրում, մեղավորներին գտնելը դժվար չէ, սակայն դժվար թե արժե փնտրել նրանց մարտադաշտում

Օգտվելով 44-օրյա պատերազմի ճշմարտության նկատմամբ հանրային պահանջարկի բացակայությունից՝ Փաշինյանը փորձում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վրա բարդել հարավային ուղղությամբ պաշտպանության տապալման, Շուշիի ու Հադրութի հանձնման մեղքը։ Ինչպես արդեն բազմիցս ասվել է, նա ռազմական գործողությունների հրամանատար է եղել պատերազմի միայն վերջին 12 օրերին, Հարությունյանի ծանր վիրավորումից հետո։

Հարությունյանի նկատմամբ դատավճիռը վկայում է այն մասին, որ Փաշինյանը շտապում է շրջել 44-օրյա պատերազմի էջը նախքան խորհրդարանական ընտրություններ։ Հետո նա կասի, թե պարտության մեղավորները բացահայտված են և պատժված, թեև մի շարք դրվագների վերաբերյալ՝ Արեգա բարձունքի գրոհից մինչև Լելե Թեփե բարձունքի գրոհ, մնացել են բազմաթիվ հարցեր։ Առաջին դրվագով քննությունը ստիպված էր ճանաչել Արզումանյանի անմեղությունը, քանի որ բարձունքի գրոհի պահին նա բանակի հրամանատարը չէր, ուստի չէր կարող նահանջի հրաման տալ, ինչում նրան մեղադրում էին։ Ինչ վերաբերում է Լելե Թեփեի գրոհին, որի ժամանակ, տարբեր տվյալներով, զոհվել է ավելի քան 600 հայ զինվոր ու սպա, ապա Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե գրոհելու որոշումը կայացրել է ոչ թե ինքը, այլ գեներալները, իսկ ինքն ընդամենը ստանձնել է մոդերատորի դերը, գործն արգելակվեց։

Ովքե՞ր են այդ գեներալները: Նրանք պետք է պատասխան տան չարդարացված ռիսկի համար։ Ինչո՞ւ նրանց չեն դատում: Ինչո՞ւ չեն դատում «գերագույն գլխավոր հրամանատարին», որն ուզում էր ապացուցել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ հանձնել է այդ բարձունքըդեպ, զոհերից խուսափելու համար), իսկ ինքը «հետ է նվաճել»: Այս վարկածը լրատվամիջոցներում հնչում է 2020 թվականից ի վեր, դրա հիմնավորվածությունը ոչ ոք կասկածի տակ չի առնում։

Հիշո՞ւմ եք Փաշինյանի պատմածը, թե իբր՝ մարտական գործողությունների ժամանակ ոմն պահեստապետ զենք-զինամթերք չի տվել զինվորներին։ Այն ժամանակից ի վեր, արդեն ավելի քան 4 տարի շարունակ լրագրողներն ու պատգամավորները փորձում են պարզել, թե ինչ է այն պահեստապետի անունը, որի մասին պատմեց Փաշինյանը։ Պատասխան չկա, թեև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը համապատասխան հարցում ուղարկեց միանգամից մի քանի պետական ատյաններ: Ստացվում է, թե իշխանությունը քողարկում է հանցագործին, կամ էլ Փաշինյանը սովորության համաձայն ստել է

Զոհվածների և անհայտ կորածների ծնողներն ավելի քան 4 տարի թակում են գլխավոր դատախազության, ՔԿ-ի, ԱԺ-ի, ԱԱԾ-ի և ՊՆ-ի դռները։ 2020-ին բարձրացված հարցերը առ այսօր մնում են անպատասխան։ Ինչո՞ւ։ Ո՞րն է պատճառը, որ 44-օրյա պատերազմի բազմաթիվ իրադարձություններ դեռևս գաղտնիության կնիքի տակ են։ Ի՞նչ է թաքցնում Փաշինյանը, չէ որ ակնհայտ է, որ այդ գաղտնիությունը հարկավոր է միայն իրեն։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ սկսած 44-օրյա պատերազմի շրջանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որը մեղադրվում է խոտանված զենք գնելու մեջ, մինչև մարտական գործողությունների անմիջական մասնակիցներ, պահանջում են բաց դատավարություններ, բայց դատավորներն այդ պահանջներին որևէ կերպ չեն արձագանքում։ Պատճառն ակներև է. բաց դատավարությունները կխանգարեն Փաշինյանին պարտության մեղքը բարդել բանակի և հրամանատարների վրա, ինչպես նաև կդժվարացնեն քրեական հետապնդումների անվան տակ իրականացվող քաղաքական բռնաճնշումները: Փաշինյանը շտապում է շրջել 44-օրյա պատերազմի էջը մինչև խորհրդարանական ընտրություններ, որպեսզի ընտրողներին ցույց տա, թե իբր՝ մեղավորները բացահայտված են և պատժված։ Իրականում 44-օրյա պայմանաորված պատերազմի արդյունքում 5 հազար զոհերի և Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնման գլխավոր մեղավորն ու գլխավոր պատասխանատուն ազատության մեջ է, թեև նրա անունը հայտնի է բոլորին