«ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՔԱՅԼ». ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում՝ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման շենքում բացվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջին թանգարան-կենտրոնը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը թանգարանի բացումը համարում է կարևոր հայրենասիրական քայլ և հարգանքի տուրք ոչ միայն Հովհաննես Բաղրամյանի, այլև ընդհանուր պատմության հիշատակին: Նա խորհրդանշական է համարում կենտրոնի բացումը փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը։
«Այս տոնը խորհրդանշում է այն, ինչը շատ դարեր շարունակ միավորել է մեզ, մեր ժողովուրդներին, այդ թվում՝ 80 տարի առաջ մեր ընդհանուր մեծ հաղթանակի համար մղված ծանրագույն պայքարում։ Եվ, իհարկե, Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունն այն միասնության, եղբայրության, մարտական միաբանության այնպիսի վառ վկայություններից և օրինակներից է, որն օգնեց մեզ հասնել այս մեծ հաղթանակին», - լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշեց, որ Բաղրամյանի անունը ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների սեփականությունն է, որոնց զոհերի գնով ձեռք է բերվել ընդհանուր մեծ հաղթանակը:
«Կարևոր է հիշել պատմությունը, քանի որ հենց դա է այսօրվա և վաղվա ուժի աղբյուրը։ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է, և ես սրտանց ցանկանում եմ, որ մեր ժողովուրդների իսկապես մեծ պատմական ձեռքբերումները նպաստեն մեր երկրների առջև ծառացած շատ բարդ խնդիրների և մարտահրավերների հաղթահարմանը», - ասաց դեսպանը։
Իր կողմից Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը նշեց, որ Բաղրամյանի անունը Բելառուսի համար սուրբ է: Բաղրամյանն իր օրինակով ապացուցել է, որ ժողովուրդների բարեկամությունը անխախտ հասկացություն է։ Դիվանագետը նշեց, որ հարազատություն ու պատմություն չհիշող կոսմոպոլիտների համար պատմության անհաջող էջերը կրկնվելու հատկություն ունեն:
Արարողությանը ներկա էր նաև Բաղրամյանի թոռ, նրա ամբողջական անվանակից Իվան Բաղրամյան-կրտսերը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարշալի ընտանիքը շնորհակալ է այս թանգարանի ցուցադրության ձևավորմանը մասնակցած բոլորին: Նա թանգարանին նվիրեց պապիկի մասին իր հիշողությունները, որոնք հրատարակվել են Ռուսաստանում, ինչպես նաև մարշալի անձնական ժամացույցը:
«Բախտս բերել է, որ մինչև վեց տարեկանն ինձ դաստիարակել են ինքն ու տատիկս, շնորհակալ եմ նրանց արածի համար», - ասաց Բաղրամյանը:
Թոռը նշեց, որ ընտանիքում փետրվարի 23-ը նշելու հատուկ ավանդույթ չի եղել, սակայն այդ օրը մարշալին անպայման այցելում էր ծառայակիցներից որևէ մեկը, բացվում էր տոնական սեղան, որի շուրջ բոլորը հավաքվում էին ու կիսվում հիշողություններով: Այդ օրվա առաջին բաժակով անպայման խմում էին ընդհանուր հաղթանակի կենացը:
Թանգարանի մասին մի փոքր պատմեց Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։ Նա տեղեկացրեց, որ Բաղրամյանի մասին պատմող անկյուն բացելն իրենց պարտքն է եղել։
«Հայաստանի և հետխորհրդային երկրների մի շարք թանգարաններում Բաղրամյանին նվիրված անկյուններ կան, սակայն նրա անվան առանձին թանգարան չի եղել։ Այս անկյունը չի համապատասխանում թանգարանի բոլոր պահանջներին ու պայմաններին, ըստ այդմ այն անվանեցինք թանգարան-կենտրոն», - ասաց Եսայանը։
Թանգարանը պատմում է լեգենդար զորավարի կյանքի բոլոր փուլերի մասին՝ ծննդյան օրից մինչև պատերազմական ժամանակաշրջանն ու հետպատերազմյան գործունեությունը: Ցուցահանդեսում ներկայացված են անձնական իրեր կամ դրանց կրկնօրինակներ: Թանգարանը բաց կլինի նաև դպրոցականների համար:
Եսայանը տեղեկացրեց, որ թանգարան-կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականացվել են հինգ ամիս։ Միջոցառմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգից բարերար Հրաչյա Պողոսյանը, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը (Արթուր Սողոմոնյան), ԱՊՀ Անմահ գունդը (Մհեր Ավետիսյան), ինչպես նաև գործարար Գագիկ Ծառուկյանը: