ՎԻՃԱԿՆ ԱՂԵՏԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԼԻՆԵՐ․ ԲՅՈՒՐՈՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՎԻՆՅԱՆԻՆ
ԱՊՊԱ համակարգը չի կարող աղետ լինել Երևանի համար, իսկ համակարգի բացակայությունը կարող էր աղետալի վիճակի բերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսելով փետրվարի 20-ին տեղացած առատ ձյան պատճառով Երևանում ստեղծված քաոսի մասին ասել էր, թե խնդիրն ԱՊՊԱ համակարգի աշխատանքի տրամաբանությունն է, որ մի թեթև իրար «քսելու» պատճառով վարորդները ժամերով սպասել ու ստեղծել են կիլոմետրանոց հերթեր։
«Եվ մարդիկ մեղավոր չեն, նրանք միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, բայց այնուամենայնիվ, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն իրար «թեթև քսված» մեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են»,- ասել է Ավինյանը։
Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը համաձայն չէ այս կարծիքի հետ։ Շեշտում է՝ ցանկացած դիտարկում անելու համար պետք է բավարար ելակետային տվյալներ և վերլուծություն ունենալ, իսկ ինքը վստահ է՝ որևէ մեկը վերլուծություն չի հասցրել անել։ Ասում է՝ հետևանքների մասին խոսելու փոխարեն ավելի շատ պետք է պատճառների դեմ պայքարել։ Իսկ պատահարների պատճառը ոչ թե ԱՊՊԱ համակարգը կարող է լինել, այլ չմաքրված կամ լավ չմաքրված ճանապարհները կամ ձմեռային անվադողերի բացակայությունը։ Պատճառների դեմ պայքարելուց հետո արժե խոսել ԱՊՊԱ համակարգի արագ կամ ոչ այնքան արագ արձագանքելու մասին։ Նա հիշեցնում է, թե ինչպես էին տարիներ առաջ հարցերը լուծվում ավտովթարներից հետո, երբ համակարգը չկար։
«Ինչ վերաբերում է «թեթև քսած» մեքենաներին, եթե իսկապես թեթև է և շատ քանակությամբ չէ, այսինքն՝ բարդ իրավիճակ չէ, նրանք չեն կարող ժամերով կանգնել, դա բացառվում է։ Ավելին ասեմ, եթե մի պահ պատկերացնենք, որ ԱՊՊԱ համակարգը չլիներ, նույնիսկ «թեթև քսած» մեքենաների դեպքում, ինչպես նախկինում էր արվում՝ իջնում էին, իրար հետ վիճում, կռիվ էին անում, ամեն մեկն իր ընկերոջն էր կանչում, վերջում ինչ-որ ստից բանի համար կարող է՝ նույնիսկ զոհեր լինեին։ Հիմա, ԱՊՊԱ համակարգի պայմաններում, փառք Աստծո, նման բաներ տեղի չեն ունենում»,- նշում է Եղիազարյանը։
Հիշեցնում է, որ «թեթև քսած» մեքենաների վարորդները կարող են համաձայնեցված հայտարարագիր լրացնել, իսկ եթե շատ «թեթև քսած» են, դա էլ չեն անում։ Քանի որ եթե վթարը գրանցվում է, մեղավոր կողմի ԱՊՊԱ-ի սակագնին մալուս է ավելանում (սակագինը բարձրանում է)։ Ուստի շատերը նախընտրում են 20-30 հազար դրամի համար, այսպես ասած, իրար մեջ պայմանավորվել ու այդպես հարցը լուծել։
Եղիազարյանի խոսքով՝ վերջին 1 տարում կառավարության և Ազգային ժողովի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ոլորտում փոփոխությունների ուղղությամբ։ Այս առումով բարեփոխումներից մեկը, օրինակ, համաձայնեցված հայտարարագրով բջջային հավելվածով պատահարի գրանցման առավելագույն գումարը չափը 200 հազարից 400 հազար դրամի հասցնելն է, ինչը որոշակիորեն հեշտացնում է ինքնուրույն՝ առանց ոստիկան հրավիրելու կարգավորման գործընթացը։ Նշում է, որ ԱԺ-ում քննարկվել և նաև օրենքի նախագիծ է ուղարկվել, որ ոչ մեծ պատահարների դեպքում, որոնք ենթակա են համաձայնեցված գրանցման, ժամանակային սահմանաչափ դրվի՝ հնարավորինս արագ մեքենաները երթևեկելի տարածքից դուրս բերելու համար։ Միաժամանակ վստահ է՝ որքան պարտադրական, օրենսդրական պահանջները խստացվեն՝ առանց հնարավորությունները բարելավելու, այնքան արդյունք չի լինելու։
«Եթե ուզում ենք արագացնել պրոցեսը, պետք է հնարավորություններն էլ բարելավել։ Մենք այդ ուղղությամբ բազմաթիվ առաջարկներ ենք քննարկել, օրինակ, օգտագործել խաչմերուկների տեսախցիկները կամ կարմիր գծերի մոտ տեղադրված տեսախցիկները, որոնք, ի դեպ, քաղաքապետարանի տիրապետության տակ են, որոնցից գումարով որոշ ապահովագրականներ օգտվում են։ Կարելի է կամ նվազեցնել օգտվելու գումարները կամ ոստիկանության համար դրանք անվճար դարձնել։ Այսինքն՝ պետք է ապահովել հնարավորություն, որ մարդիկ, վայրը լքելով, չկորցնեն անմեղության, հատուցված լինելու իրավունքը։ Եթե այդ հարցերը լուծում ենք, մարդիկ պատճառ չեն ունենա երկար մնալու, առանց այդ օրենքի էլ կհեռանան»,- ասում է Եղիազարյանը։
Նշենք, որ այսօր Տիգրան Ավինյանը նաև ասել էր, որ մտադիր է Երևանի ՏԻՄ օրենքում նոր փոփոխություն առաջարկել։ Ըստ այդ փոփոխությունների՝ պատահարների դեպքում փողոցի երթևեկելի մասը փակ պահելու համար կսահմանվի 15 րոպե, հակառակ դեպքում՝ կսահմանվի պատասխանատվություն։
Եղիազարյանը հարց է բարձրացնում է՝ իսկ ով և ինչպես է այդ 15 րոպեն ֆիքսելու։ Եթե տեսախցիկների օգնությամբ են անելու, ունե՞ն մարդիկ, ովքեր հետևելու են տեսախցիկներին, վերլուծելու են տվյալները, արդյոք ավելի լավ չի՞ լինի, եթե այդ տվյալներն օգտագործվեն ճանապարհն արագ ազատելու համար, այսինքն՝ դրանց օգնությամբ հնարավոր լինի պարզել, օրինակ՝ մեղավոր և անմեղ կողմը։ Վստահ է՝ նույն քաղաքապետարանը, քանի որ շահագրգռված է, որ խցանումներ քիչ լինեն, պետք է իր հնարավորություններն էլ առաջարկի, այս դեպքում «կարմիր գծերի» տեսախցիկները կարող են օգտակար դառնալ։
Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի խոսքով՝ նաև քննարկվում է ընդհանուր զանգերի կենտրոն ստեղծելու հարցը։ Այն գործելու է ոստիկանությունում, ու այդ դեպքում վթարի ժամանակ վարորդը ստիպված չի լինի մի քանի հեռախոսահամարով զանգահարել։
Ինչ վերաբերում է վերջին օրերիին տեղի ունեցած մեծ թվով վթարների հետևանքով ապահովագրական ընկերությունների կրած վնասներին՝ Եղիազարյանի խոսքով՝ ի տարբերություն շատ կառույցների, ապահովագրական ընկերությունները ռիսկերը գնահատում են, գիտեն, որ ձմռանը ձյուն է տեղում, ավտոմեքենաները սահում են։ Իրավիճակը կարող է որոշակիորեն արտասովոր լինել, բայց վստահ է՝ ռիսկերը հաշվարկված են։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով են չմաքրված ճանապարհները վթարների պատճառ եղել, Եղիազարյանը նշում է՝ դեռ տվյալները պետք է մուտքագրվեն էլեկտրոնային համակարգ, փորձագետները վերլուծեն։ Իրենք առաջարկել են մեղավոր և անմեղ որոշելուց բացի նաև եզրակացություն տալ վերլուծելով լուսանկարները, գրանցման ելակետային տվյալները, թե ինչքանով են ճանապարհի վիճակը կամ անվադողերը վթարի պատճառ եղել։ Ըստ նրա՝ եթե ճանապարհի չմաքրված վիճակը հստակորեն արձանագրվի որպես պատճառ, ապա ապահովագրական ընկերությունը, որը վճարում է վարորդի համար, կարող է դատական կարգով քաղաքապետարանից կամ այլ պատկան մարմնից (որը պարտավոր էր ապահովել դա), վնասների հատուցում պահանջել։