20-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՍՊԱՐԱՊԵՏԸ. Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ
«Վազգեն. վերջին սպարապետ» ֆիլմը ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի մարդ տեսակի, ռազմական և պետական գործիչ լինելու մասին է։
Կինոնկարում ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը (բացառությամբ որոշ քաղաքական հարցերի), այդ թվում` Հոկտեմբերի 27-ի դեպքերը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է` Նոնո Սարգսյանը։ Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Խորեն Լևոնյանն է: Վազգեն Սարգսյանի մոր կերպարը կերտել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր կերպարը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։
Հարցին, թե ինչու է ֆիլմը կոչվում «Վազգեն. վերջին սպարապետ», Նոնոն շեշտեց` քանի որ իր հորեղբայրը 20-րդ դարի վերջին սպարապետն է եղել. խորագրի մեջ որևէ ենթատեքստ չկա։
«Վազգեն Սարգսյանը մահացավ 20-րդ դարի վերջին՝ 21-րդ դար մուտք գործելուց երկու ամիս առաջ, և չտեսավ 21-րդ դարը, որի մասին երազում էր։ Որևէ ենթատեքստ չէր կարող լինել` հատկապես հաշվի առնելով այն, թե ինչքան շատ հույս ու լույս կար նրա մեջ»,–ասում է Նոնո Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու են շրջանցել քաղաքական գործունեությունը, ֆիլմի պրոդյուսերը կարծում է, որ քաղաքական հարցերն իր հայացքով ներկայացնելու իրավունք չունի. ամեն բան սուբյեկտիվ կլիներ։
«Քաղաքական կերպարը ֆիլմում կա, բայց ոչ շատ։ Ես այդ իրավունքը չունեի, այդ պատճառով թեման նուրբ անցել ենք։ Օրինակ, ռազմական կյանքը բոլորն էլ գիտեն, իսկ անձնականը հայտնի էր մեր ընտանիքին, իր մտերիմ ընկերներին, այդ թեմաները սուբյեկտիվ չէին լինի»,– ասաց Նոնո Սարգսյանը։
Գլխավոր դերակատարն էլ ընդգծեց, որ ֆիլմում երևում է, թե ինչպիսի մտքեր և ընկերություն է ունեցել, ինչպիսի զավակ, հորեղբայր, զինվոր ու նախարար է եղել Վազգեն Սարգսյանը։ Լևոնյանը շեշտեց, որ իր, ինչպես և ցանկացած դերասանի համար պատմական կերպար կերտելը դժվար է` լինի դրական, թե բացասական։ Ընդգծեց` սպարապետի դերի շուրջ ինքը շատ երկար է աշխատել, միևնույն ժամանակ էլ կարծում է, որ իր ու Վազգեն Սարգսյանի միջև ընդհանրություններ կան։
«Արել եմ այն, ինչ կարող էի, գուցե մի բան էլ ավելին։ Սարգսյանի մասին նյութեր դիտելիս, նրան ուսումնասիրելիս անընդհատ խնդիրներ էի տեսնում, միշտ եմ կոնֆլիկտների մեջ եղել, սակայն այդ ընթացքում ամեն բան ավելի սրվեց մարդկանց, դեպքերի հանդեպ, սկսեցի մարդկանց այլ տեսանկյունից նայել, մտածել՝ ինչպե՞ս կարող են, ինչպե՞ս կարողացան, ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Ես մեծ հոգեկան ցավեր եմ ապրել և մեծ դժվարությամբ փորձել եմ հաղթահարել այդ ամենը։ Մենք կարծես առաջնորդ չենք սիրում, փորձում ենք ապացուցել, որ նրանից ավելի շատ ենք հասկանում, կարող ենք նրա փոխարեն լինել»,– ասաց Խորեն Լևոնյանը։
Նա նաև ընդգծեց այն հանգամանքը, որ Վազգեն Սարգսյանը փայլուն տիրապետել է հայոց լեզվին ու շեշտեց` դեռ չի տեսել որևէ քաղաքական գործչի, որի խոսակցական հայերենն այդքան հայեցի լինի ու հասկանալի։
Գրետա մայրիկի դերակատար Մարջան Ավետիսյանն էլ հույս հայտնեց, որ կարողացել է փոխանցել այն հոգեկան ապրումները, որ ունեցել է կերպարը կերտելիս, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի մոր մեծ սերն իր ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ։
«Երբ դու ապրում ես նույն ժամանակահատվածում քո կերտած կերպարի հետ, չափազանց դժվար է ճիշտ փոխանցել այդ շունչը։ Սա էքսպերեմենտալ դեր չի, շատ բարդ էր ինձ համար ու ես վախենալով եմ գնալու ֆիլմի պրեմիերային։ Դերից «անջատումն էլ» ինձ բարդ է տրվել, ավելի ուշ «անջատվեցի», քան սպասում էի»,– նշեց Ավետիսյանը։
Նենք, որ «Վազգեն. վերջին սպարապետ» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա մարտի 5-ին` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։