Հերթական բռնությունը շտապօգնության աշխատակիցների նկատմամբ. կան ձերբակալվածներ

Հերթական անգամ բռնություն են գործադրել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ, պարեկները ձերբակալել են կասկածյալներին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ երեկ` փետրվարի 24-ին, ժամը 2345-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Լեոյի փողոցում շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։

«Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Դեպքին արձագանքել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա խստորեն դատապարտել է տեղի ունեցածը

«Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական: Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,–գրել է Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք` օրեր առաջ էլ բռնություն էր գործադրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ:

Sputnik Արմենիա