Սաղաթելյան․ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի։ ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի։ Սա է այն տեսլականը, որ մենք ունենք նոր որակի հայկական պետության կառուցման հարցում»,– ասաց Սաղաթելյանը։

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՅԴ–ի կոչը` առողջ ու ազգային ուժերը միավորել ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային պետություն ձևավորելու ու համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու համար։

Ըստ Սաղաթելյանի` հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը։

«Պայքար բոլոր ճակատներում ու ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար սա է այն առաջարկը, որ ՀՅԴ-ն կարող է ներկայացնել իր ժողովրդին, պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու Դաշնակցության ճակատագիրը միահյուսված է»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ մեծ թափ է հավաքում «հակադաշնակցության» ալիքը, որը վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ խոր պայքարի։ Նա հիշեցրեց` ՀՅԴ - ն ոչ միայն կուսակցություն է, այլև համաշխարհային ցանց, դիմադրության համակարգ, ՀՅԴ–ն բոլոր ազգային, պետականամետ ուժերի ու անհատների բարեկամն ու վահանն է։

Sputnik Արմենիա