ԱՐԴՅՈՔ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՏԵՔՍՏԵՐԸ ՆՈՒՅՆ ՄԱՐԴՆ Է ԳՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանական Հայաստանի «ինքնիշխանությունը բացասական է», այն բավարար է միայն ոչնչացման համար

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Աշխարհն, այդ թվում՝ մենք, «օնլայն ռեժիմով» կարող ենք հետևել, թե ինչպես են Ուկրաինայի և Եվրամիության հաշվին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական համաձայնությունների գալիս։ Այս «օպերայի» հերթական «ակտը» մենք տեսանք փետրվարի 24-ին։ Ուկրաինայում պատերազմի սկսվելու երրորդ տարելիցին ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասին քվեարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի դեմ, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները։ Բայց սա դեռ ամենը չէր։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն «ամենաբարձր ձայնով» հայտարարում էր պաշտոնական Կիևին իր զորքերը օգնության ուղարկելու հնարավորության մասին և որը Մեծ Բրիտանիայի հետ միասին ուկրաինական ճգնաժամի հարցում ՌԴ-ի հետ երկխոսության գլխավոր հակառակորդն է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հանդես եկավ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները վերսկսելու օգտին։ Ավելին, Մակրոնն անիրագործելի համարեց ռուսական ակտիվների բռնագրավումը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարեց, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ Ուկրաինայի հարցով «խաղաղության խումբը» (որի նախաձեռնողները BRICS երկրներն են) մոտ ժամանակներս կհավաքվի Նյու Յորքում։ Ինչպես պարզաբանել է Պուտինը, դրա մասին խոսվել է երկուշաբթի օրը կայացած զրույցի ժամանակ։ Սա, իր հերթին, նշանակում է, որ BRICS երկրները կընդունեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքները, անկախ այն բանից, թե դրանց արդյունքում ինչ ճակատագիր է սպասվում Եվրամիությանը և Ուկրաինային։

Սրա ֆոնին Կիև են այցելել եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ, Եվրատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Կիևին։ Միևնույն ժամանակ, արդյունաբերական ռազմավարության հարցերով Եվրահանձնակատար Սթեֆան Սեժուրնեն հայտնել է, որ ուկրաինացի գործընկերներին ներկայացրել է այլընտրանքային առաջարկ՝ ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ, որոնք ուզում է ստանալ Կիևից ԱՄՆ-ն, ինչն իրականում ցույց է տալիս, որ ԵՄ-ն պարզապես ցանկանում է ստանալ «ուկրաինական տորթից իր բաժինը»։ Իսկ Վլադիմիր Զելենսկին անցկացրել է նաև մամուլի ասուլիս, որի ընթացքում հայտարարել է՝ «Դոնալդ Թրամփի գործողությունների պատճառով ուկրաինական հասարակությունում ԱՄՆ-ի աջակցության վարկանիշը նվազում է»։

Չե՞ք կարծում, որ Զելենսկին կրկնել է թեզը, որը պարբերաբար և մեծ ջանասիրությամբ կրկնում են Ալեն Սիմոնյանն ու Արմեն Գրիգորյանը։ ՀՀ Ազգային ժողովի նախագահն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը բազմիցս խոսել են այն մասին, որ «ՌԴ-ի վարկանիշը Հայաստանում Մոսկվայի գործողությունների պատճառով նվազում է»։ Եվ նրանք ոչ միայն խոսել են, այլ նաև իրենց հայտարարությունների հիման վրա «ուղղել են» արտաքին քաղաքական կուրսը՝ թյուրքական աշխարհի ինտեգրման ուղղությամբ։ Դժվար է չնկատել Սիմոնյանի, Գրիգորյանի և Զելենսկու հայտարարությունների մեջ զուգահեռները, ուստի և հարց է առաջանում՝ արդյոք Ալեն Սիմոնյանի, Արմեն Գրիգորյանիև Վլադիմիր Զելենսկու տեքստերը նույն մարդն է գրում:

Իրականում, ԱՄՆ-ը «ցածր վարկանիշով Ուկրաինայում», ինչպես և Ռուսաստանը «ցածր վարկանիշով Հայաստանում», կշարունակեն ապրել ու զարգանալ, սակայն թե ի՞նչ կլինի Պուտին-Թրամփ համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ուկրաինայի հետ, ահա այս մասին Երևանի և Կիևի ներկայացուցիչները պետք է մտածեն։

Միևնույն ժամանակ կարևոր է նաև այն, որ ինչպես Երևանը 2020 թվականի հոկտեմբերին, այնպես էլ Կիևն այժմ դեռ ունի «բացասական ինքնիշխանություն»։ Այլ կերպ ասած, Զելենսկին, ինչպես և Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, կարող է խափանել խաղաղության ծրագիրը, բայց ուկրաինական ինքնիշխանությունը կառուցողական զարգացման համար արդեն բավարար չի լինի։

Մեզ համար հետաքրքրական է, թե ո՞րքան ժամանակ կբավարարի «փաշինյանական Հայաստանի բացասական ինքնիշխանությունը» և ո՞րքան նրանք կշարունակեն տորպեդահարել Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը Պուտին-Թրամփ համաձայնություններից հետո։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News