Ռուստամյան․ Պաշտոնական Երևանը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը

«Մենք առաջ ենք տանելու հավաքական վերադարձի հարցը, բոլոր հիմքերը կան, որպեսզի լուծվի արցախահայերի վերադարձի հարցը»։ Այս մասին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Իհարկե, չի կարելի պատկերացնել վերադարձ այն պայմաններում, որ հիման կան։ Պետք է ստեղծվեն անվտանգային լրջագույն երաշխիքներ, որոնց ծավալը նույնպես հնարավոր է միջազգայինորեն ամրագրել։ Մենք կարծում ենք, որ արցախահայերին պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ, որպեսզի նրանց վերադարձը չլինի նույն սպառնալիքների ներքո, որոնցից ըստ էության սկսվեց հայաթափումը»,–ասաց նա։

Արմեն Ռուստամյանի խոսքով, Ադրբեջանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, ինչի համար Հայաստանին հարկավոր է միջազգային հանրության աջակցությունը։

«Դիվանագիտությունն ունի երեք մակարդակ՝ պաշտոնական, խորհրդարանական և ժողովրդական։ Այն ինչ մենք կարող ենք անել՝ ժողովրդական մակարդակն է, ինչը ըստ էության իրականացվում է հայ դատի գրասենյակներով, խորհրդարանականը ընդդիմության աշխատադաշտն է, իսկ պաշտոնական Երևանը բոլորովին այլ ծրագիր է իրականացնում, ամբողջությամբ սպասարկում է թուրք–ադրբեջանական շահերը»,–ասաց Ռուստամյանը։

Ռուստամյանի խոսքով, ներկայիս իշխանությունները շարունակ կատարում են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները։

«Ասում են՝ Մինսկի խումբը լուծարե՛ք, սրանք էլ ասում են՝ այո, մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Հիմա ո՞վ է առաջնորդվում Ադրբեջանի խոսույթով ու պահանջով»,–ասաց Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով իշխանության կողմից ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին։

News.am