«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ». ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է, ԻՍԿ ՄԵՆՔ ԻՆՉԻ՞ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ
Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունից 6 օր անց, որ ինքը հացադուլ է սկսում՝ ի նշան բողոքի Բաքվում ընթացող դատական խեղկատակության դեմ, հայտնվեց նոր տագնապալի հաղորդագրություն: Փաստաբան Ջարեդ Գանսերը հայտարարեց, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա նիհարել է 6 կիլոգրամով, արյան ճնշումը բարձր է, երակազարկը՝ ծայրահեղ արագ: Փաստաբանը որոշ մանրամասներ հայտնեց նաև «դատարանի» փետրվարի 25-ին կայացած հերթական նիստի մասին։
Ըստ ամերիկացի փաստաբանի հայտարարության, մեղադրողները պնդել են, որ իր պաշտպանյալը ներկա լինի «դատավարությանը», թեև Ռուբենը ուշագնացության եզրին էր: Չնայած հետաձգման բազմաթիվ խնդրանքներին, դատը շարունակվել է, նշում է Գանսերը։ Եվ ընդգծում. «Վարդանյանին իր առողջությանը և անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի պայմաններում այդ դատավարությանը մասնակցել հարկադրելն առնվազն դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ է»։
Իր հայտարարության մեջ Ջարեդ Գանսերը նշում է այն միջոցները, որոնք անհրաժեշտ է շտապ ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի իրավունքները պաշտպանելու համար: Նա կոչ է անում միջազգային կազմակերպություններին պահանջել բանտում Ռուբենին այցելելու հնարավորություն, իրականացնել դատավարության միջազգային վերահսկում, ապահովել միջազգային թիմի բժշկի այցն ու անհրաժեշտ բուժօգնությունը, ինչպես նաև հասնել «դատավարության» հետաձգման մինչ հացադուլի ավարտը:
Փաստաբանը դիմում է համաշխարհային առաջնորդներին, «հատկապես Հայաստանի վարչապետ Փաշինյանին», կոչ անելով «դատապարտել Ռուբենի դեմ ցուցադրական դատավարությունը՝ որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված և անօրինական»:
Հիշեցնեմ, որ ամերիկացի հայտնի իրավաբանն ու իրավապաշտպանը բնավ առաջին անգամ չէ, որ հարկադրված անդրադառնում է ՀՀ իշխանությունների ակնհայտ անգործությանը։ Մեկ ամիս առաջ՝ հունվարի 24-ին, հարցազրույցներից մեկում նա ափսոսանքով նշեց, որ «Ադրբեջանից գերիների վերադարձի հարցն, ըստ երևույթին, առաջնահերթություն չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար»։ «Դա ցավալի է, քանզի Ռուբենն ու մյուսները հայ են, և կառավարության խնդիրն է՝ օգնել այլ երկրներում ծանր կացության մեջ հայտնված իրենց քաղաքացիներին»,– ասաց Գանսերը, վստահություն հայտնելով, որ հենց Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է ջանքեր գործադրեն գերիների ազատ արձակման համար:
Այն մասին, որ Փաշինյանի համար այս հարցը ոչ միայն առաջնահերթություն չէ, որ ինքն ու իր կառավարությունն ընդհանրապես ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում Բաքվի ինքնադատաստանը դադարեցնելու համար, այլև ճիշտ հակառակ հայտարարություններ են հնչեցնում, գրվել և ասվել է բազմիցս։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում հասարակական լայն արձագանք ստացավ հացադուլի մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը:
Բայց նույնիսկ դրանից հետո իշխանությունները որևէ ակտիվ գործողություն չձեռնարկեցին։ Ընդամենը Արաբատ Միրզոյանն ու իր տեղակալ Հովհաննիսյանը իրենց վերջին ելույթներում բարեհաճեցին հիշատակել 23 հայերի դեմ շինծու դատավարությունների, իրավական նորմերի խախտման և Ադրբեջանի համար այդ «դատավարությունների» «ամոթալիության» մասին։
«Ամոթալի՝ Ադրբեջանի համար». սա առնվազն ծիծաղելի է հնչում։ Հանցագործ երկիրը, որը վաղուց ու ցուցադրաբար թքած ունի միջազգային իրավական, հումանիտար ու բարոյական անխտիր բոլոր նորմերի վրա, իրականացրել է ցեղասպանություն ու էթնիկ զտումներ և բռնազավթել Արցախը, ընդհակառակը, հոխորտում ու ըմբոշխնում է այդ դատաստանը։ Ամոթալի պետք է լինի միջազգային հանրության համար, որը գրեթե չի արձագանքում ալիևյան ռեժիմի սանձարձակ կամայականությանը։
Բայց առաջին հերթին Բաքվում տեղի ունեցող ամենը պետք է ամոթալի լինի ՀՀ իշխանության համար, որը ներկայացնում են Միրզոյանն ու Հովհաննիսյանը, ինչպեսև անձամբ փաշինյանական ԱԳՆ ղեկավարի և նրա տեղակալի համար։ Ամոթ ու խայտառակություն պետք է լինի հենց Փաշինյանի համար, որին ամերիկացի իրավաբանն է ստիպված հիշեցնում ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու պարտականության մասին և կոչ անում դատապարտել «դատավարությունը»։ Հասկանալի է, որ Գանսերը կարող է խոսել միայն իր պաշտպանյալի մասին, բայց նույնքան հասկանալի է, որ դա վերաբերում է Բաքվի զնդաններում տառապող բոլոր հայերին։
Հունվարի 17-ին հայաստանյան ավելի քան 20 իրավապաշտպան ՀԿ-ներ և հայտնի իրավապաշտպաններ դիմել են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության ղեկավարությանը, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև Ադրբեջանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին:
Դիմումում, ի թիվս ամենի, կոչ էր արվում «անհապաղ սկսել համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ առաջիկա և ընթացիկ դատավարությունների անկախ մոնիտորինգ կազմակերպելու համար»։ Համանման հայտարարություններով ու կոչերով բազմիցս հանդես են եկել նաև այլ հայտնի գործիչներ ու իրավապաշտպան կառույցներ: Սակայն, դատելով իրավիճակից, այդ հայտարարություններն արդյունք չեն տվել։
Պատճառը հանրահայտ է և նույնքան ամոթալի ու խայտառակ. որովհետև նման կոչերով հանդես չեն գալիս ՀՀ պաշտոնական իշխանությունները։ Այս պատասխանն է, ինչպես բազմիցս հաղորդվել Է ԶԼՄ-ներում, հաջորդել միջազգային կառույցների և գործիչների հետ մասնավոր զրույցներում, երբ նրանց հարցրել են արձագանքի բացակայության պատճառների մասին: Նման պայմաններում համարժեք արձագանք և համապատասխան գործողություններ ակնկալելը գործնականում անիրատեսական է։
Մինչդեռ, կրկնենք, Հայաստանի իշխանությունները կարող են և պարտավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել իրենց քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, և այդ քայլերը նույնպես բազմիցս նշել են մասնագետները: Եվ եթե ՀՀ ԱԳՆ-ում այդքան անիրազեկ են միջազգային իրավունքի հարցում, ապա կարող էին գոնե լսել կողքից կարծիքը։ Օրինակ՝ այն, ինչի մասին բարձրաձայնում է Ջարեդ Գանսերը: Կամ՝ այն, ինչ առաջարկում էին հայ իրավապաշտպանները վերոնշյալ դիմումում։
Միջազգային իրավունքը, ի թիվս ամենի, նախատեսում է նաև գերիների դիվանագիտական այցելությունների մեխանիզմ, ինչպես օրերս հերթական անգամ ընդգծեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Եվ եթե Հայաստանի ԱԳՆ-ի համար դա ինչ-ինչ (ասենք՝ լավ հայտնի) պատճառներով անընդունելի է, ապա գերատեսչությունը կարող է այդ իրավունքը փոխանցել Ադրբեջանում հավատարմագրված դեսպանություններից մեկին։ Ի դեպ, Արաբատ Միրզոյանն անցած տարվա աշնանը պատրաստակամություն էր հայտնում մեկնել Բաքու՝ СОР29-ին մասնակցելու։ Բայց գնալ նույն այդ քաղաք՝ ՀՀ գերեվարված քաղաքացիներին տեսակցելու, նա, ըստ երևույթին, ամենևին պատրաստ չէ։
Այսօր իրապես վտանգված են Ռուբեն Վարդանյանի առողջությունն ու փաստացի կյանքը. այն մարդու, որը մեն-մենակ, թշնամի երկրում բանտարկված, ենթարկվելով խոշտանգումների ու նվաստացումների՝ իր մեջ ուժ է գտնում պայքարելու: Ոչ միայն իր և իր բախտակից ընկերների, այլև, ըստ էության՝ բոլորիս, Արցախի և Հայաստանի համար: Եթե նրան, Աստված մի՛ արասցե, պատահի ամենասարսափելին, ապա կկարողանա՞նք մենք՝ հայերս, համայն հայությունը, երբևէ մաքրվել ամոթից ու խայտառակությունից։
Եվ եթե Փաշինյանն ու իր ոհմակը շարունակեն լռել, ուրեմն նրանց ուզածը հենց դա է։ Ուրեմն, նրանք Ալիևի լիարժեք հանցակիցները կդառնան արդեն նաև այդ հաշվեհարդարում։ Նրանք թե՛ իրավական, թե՛ բարոյական պատասխանատվության իրենց բաժինն ունեն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիների ու պատանդների կյանքի և ճակատագրի համար։