«Հայաստան» դաշինք․ Իշխանությունների անգործությունը կարող է հանգեցնել նոր ռազմական բախումների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների հասցեին Ադրբեջանի մեղադրանքների շրջանակը կընդլայնվի, և եթե իշխանությունները չպայքարեն դրա դեմ, ապա ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նոր ռազմական բախումների։ Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ գերիների վերադարձի հարցը պետք է դրվի բանակցությունների սեղանին, և իշխանությունները պետք է այդ հարցը բարձրացնեն նաև միջազգային մակարդակով։ Նա բացատրել է, որ Ադրբեջանի հանցագործությունների հետ կապված հայցեր պետք է ներկայացվեն միջազգային ատյաններ։ Օհանյանը փաստել է, որ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում. «Այնտեղ դատում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը Հայաստանի հասցեին հնչեցնում մեղադրանքներ»,- ընդգծել է նա։
Խմբակցության ղեկավարը կրկնել է, որ տանուլ տված իշխանությունը պետք է վաղուց հրաժարական տված լիներ։ «Բանակցությունները պետք է վարեն ճնշման տակ չգտնվող և համապատասխան հմտություններ ունեցող մարդիկ»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը։
News.am