Պայքարողը և արդարություն փնտրողը. կայացավ Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմի պրեմիերան
Պայքարող, անարդարության դեմ մարտնչող, ուղղախոս ու հայկական բանակը սրբացնող. ահա այսպիսին է ներկայացվում Վազգեն Սարգսյանը, իր մասին պատմող «Վազգենը. վերջին սպարապետը» ֆիլմում:
Մարտի 5-ին՝ հենց սպարապետի ծննդյան օրը, կայացավ ֆիլմի պրեմիերան:
Կինոնկարում երևում է, որ հենց կյանքի առաջին իսկ տարիներից պայքարել է ապրելու համար, այնուհետև արդարություն փնտրել բոլոր ոլորտներում, որտեղ սովորել կամ աշխատել է:
Կինոնկարում ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը (բացառությամբ որոշ քաղաքական հարցերի, այդ թվում` Հոկտեմբերի 27-ի դեպքերը)։
Ֆիլմի ավարտին հանդիսատեսները հոտնկայս մի քանի րոպե ծափահարում էին, ապա մի քանի րոպե քար լռություն տիրեց դահլիճում:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է` Նոնա Սարգսյանը։ Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Խորեն Լևոնյանն է: Վազգեն Սարգսյանի մոր կերպարը կերտել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր կերպարը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։
Հիշեցնենք՝ ֆիլմի մասին հայտարարելուց հետո շատերի մոտ հարց էր առաջացել, թե ինչու է ֆիլմը կոչվում «Վազգեն. վերջին սպարապետ»: Նոնո Սարգսյանը վստահեցրել է՝ որևէ ենթատեքստ չկա, ուղղակի Վազգենը եղել է 20-րդ դարի վերջին սպարապետը:
Sputnik Արմենիա