ԿԱՐՈ՞Ղ Է ԻՐԱՆԸ ՎՍՏԱՀԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փորձը վկայում է, որ Փաշինյանը դավաճանում է իր բոլոր մերձավոր դաշնակիցներին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսությանը (IRIB), որտեղ անդրադարձել է թե՛ երկկողմ հարաբերությունների օրակարգին, թե՛ տարածաշրջանային գլոբալ խնդիրներին:

Փորձելով համոզել իրանցի բարեկամներին, որ Հայաստանի տարածքով հնարավոր միջանցքը չի հակասի պաշտոնական Թեհրանի շահերին, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Իրանի դեմ ուղղված որևէ գործողությունների:

Հիմա անցնենք փաստերին և փորձենք պատասխանել վերնագրում բարձրացված հարցին՝ կարո՞ղ է արդյոք Իրանն իսկապես վստահել Նիկոլ Փաշինյանին:

1. 2018 թվականի նոյեմբերին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ չի բացառվում, որ աշխարհաքաղաքական հարցերի պատճառով Հայաստանի և Իրանի սահմանը կարող է փակվել:

Այցի ընթացքում Բոլթոնն ընդգծել էր «պատմական կարծրատիպերի» վերանայման անհրաժեշտությունը, որոնց թվում են Արցախի, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության և տարածաշրջանային դերակատարների ընկալման հարցերին՝ «դաշնակից-թշնամի» երկընտրանքի մեջ: 2018 թվականից ի վեր Փաշինյանը իրականացնում է հենց այն, ինչ առաջարկում էր Բոլթոնը, և տրամաբանական է ենթադրել, որ ինչ-որ պահի սահմանն Իրանի հետ կարող է փակվել:

2. Հայտարարելով, որ Հայաստանը չի մասնակցի Իրանի դեմ ուղղված գործողություններին, Փաշինյանը երկու անգամ դավաճանել է Հայաստանի գլխավոր դաշնակցին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ 2020 թվականին և 2023 թվականին: Ավելին, դրա հետևանքով Իրանը կորցրել է տասնամյակներ շարունակ օգտագործվող Արցախի հետ սահմանի հատվածը:

3. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատված, ինչը կանխամտածված բարդացրել է Իրանից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումները: Եթե Փաշինյանը սահմանազատման պատճառաբանությամբ զիջի նաև Տիգրանաշենը, ապա վտանգի տակ կդրվի նաև Հայաստան-Իրան գազատարի անվտանգությունը:

4. Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքները ներկայումս ակտիվորեն յուրացվում են Իսրայելի կողմից, ինչի մասին վկայում են տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը: Փաշինյանի հանձնած Արցախը դարձել է հենակետ, որը կարող է օգտագործվել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների համար:

5. Իրանին «չդավաճանելու» խոստումներ տված Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայի պատերազմի շրջանակներում, ոչ միայն չաջակցեց իր ռազմավարական դաշնակցին՝ ՌԴ-ին, այլև բազմիցս հայտարարեց, որ Հայաստանը ՌԴ դաշնակիցը չէ այդ հարցում:

Հետևաբար հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք Իրանը վստահել Փաշինյանին: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը կարող էր իրանական ղեկավարությանը առաջարկել միջնորդական դեր կամ օգնություն Արևմուտքի առաջնորդների հետ կապ հաստատելու հարցում, բայց նրա ազդեցությունը համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզում կասկածելի է: Նրա բոլոր «հովանավորները» կամ հեռացել են քաղաքական ասպարեզից, կամ շուտով հեռանալու են, իսկ ծայրահեղ լիբերալիզմի գաղափարական հոսանքն աստիճանաբար զիջում է իր գերակայությունը:

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News