ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, բայց մնում է ՀԱՊԿ անդամ

Հայաստանը չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին, բայց մտադիր էլ չէ դուրս գալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Երևանը մեզ չի ծանուցել դուրս գալու մասին։ Նրանք մտադիր չեն դուրս գալ, նրանք սառեցրել են իրենց ակտիվությունը, բայց միևնույն ժամանակ մնում են ՀԱՊԿ անդամ», – ասել է Պանկինը։

Նա նաև նշել է, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ–ի բյուջե իր անդամակցության գումարը չվճարի, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։

«Մինչև հունվարի 1-ը (2026 թ, – խմբ.) կարող է ստեղծվել իրավիճակ, երբ երկու տարվա չվճարման համար երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել»,– ասել է Պանկինը` ընդգծելով, որ «հավանաբար որևէ մեկին չեն վտարի»։

Նա նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանն ասաց նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ հետզհետե ավելի դժվար է դառնում, եթե չասենք անհնարին, նրա խոսքերով՝ «անդառնալի կետը» հատվել է։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ արևմտյան ուժերը դրդել են ՀՀ իշխանություններին սառեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ը «դժբախտության ժամանակ լքել է Հայաստանը», իրականությանը չեն համապատասխանում։

Հավելենք, որ Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Գյումրու այս բազայի օդային բաղադրիչը Երևանում գտնվող Էրեբունի ավիաբազան է։

Sputnik Արմենիա