Գերիները ՀՀ իշխանության համար վտանգ են ներկայացնում. քաղաքագետը` Վարդանյանի ուղերձի մասին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը պետք է ընկալել Ադրբեջանում ընթացող շինծու դավատարության ներքո, և այդ համատեքստում այն ինչ–որ առումով նրա պաշտպանական գիծն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` վերլուծելով Բաքվում տևական գերության և արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հղած ուղերձը։

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել և ընտանիքի անդամներին խնդրել է հրապարակել այն։ Նա ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Որ այն, ինչ անում է, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու բոլորին այն անտարբերությունից, որում գտնվում են:

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր իր համար աղոթողներին ու նրանց, ովքեր անտարբեր չեն կատարվողի նկատմամբ, վստահեցրել է, որ ինքը լավ վիճակում է, ամուր, առողջությունը` նորմալ և ոգով ուժեղ։ Դիմելով հայրենակիցներին` Ռուբեն Վարդանյանը շեշտել է` դատում են ոչ թե իրեն ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին:

«Քանի որ այդ դատական պրոցեսը, ինչպես Վարդանյանն է ասում` Հայաստանի ու բոլոր հայերի դեմ է, այդ առումով իր խոսքերը որոշակի տրամաբանություն ունեն։ Այո՛, այդ դատական պրոցեսի ընթացքում փորձում են դատել ողջ հայությանը և Հայաստանը»,– համաձայնեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ուղերձում անտարբերության մասին հիշատակումներին, Ստեփան Դանիելյանը ենթադրում է, որ Ռուբեն Վարդանյանը նկատի ունի Հայաստանի իշխանություններին, որոնք պնդում են, որ իրենց քայլերը միտված են չվնասելու Բավքում պահվող գերիներին։

«Մենք, որ ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի, ինֆորմացիոն ճգնաժամի մեջ չենք, տեսնում ենք այս անտարբերությունը։ Նույնիսկ ավելին, Ադրբեջանում պահվող պատանդները կամ գերիները ՀՀ գործող իշխանության համար վտանգ են ներկայացնում, որովհետև տիրապետում են որոշակի ինֆորմացիայի»,– կարծիք հայտնեց Դանիելյանը։

Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարարի ուղերձի հնարավոր արձագանքներին թե՛ ՀՀ–ում և թե՛ միջազգային ասպարեզում`քաղաքագետը ենթադրեց, որ ՀՀ իշխանությունները կլռեն ու կարդարանան, թե դիվանագիտական ուղիներով փորձում են պաշտպանել գերիներին։ Միջազգային հանրությունը, նրա որակմամբ` կեղծ կատեգորիա է, որն արդեն գոյություն չունի, քանի որ յուրաքանչյուր երկիր այսօր առաջնրդվում է բացառապես իր շահերով, և դրանից է կախված` կարձագանքի, թե ոչ։

Ստեփան Դանիելյանը չբացառեց, որ միջազգային մարդասիրական որոշ կազմակերպություններ կարձագանքեն Վարդանյանի ելույթին, բայց դրանք հազիվ թե լուրջ քաղաքական հետևանքներ ունենան։