Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵՆ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բոլոր այն երկրները, որոնք հասկանում էին Սիրիայի կարևորությունը Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում, հիմա փորձելու են վերցնել իրենց բաժինը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

 

«Դեկտեմբերին «ավարտվեց» Սիրիական Արաբական Հանրապետությունը։ Հիմա էլ չկա սիրիական պետություն, հիմա մնացել է դրսի թաղանթը, բայց բովանդակային առումով այն առանձին պետական միավոր չէ։ Բոլոր այն երկրները, որոնք հասկանում էին Սիրիայի կարևորությունը Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում, հիմա փորձելու են վերցնել իրենց բաժինը կամ ստանալ իրենց բաժինը։ Ներգրավված երկրները միայն չեն սահմանափակվում Թուրքիայով, Իսրայելով կամ Իրանով։ Այստեղ ներգրավված են արաբական ծոցի երկրներն, ավելի խոշոր խաղացողներ, օրինակ, Չինաստանը»,- նկատել է մեր զրուցակիցը։

Գեղամյանի խոսքով՝ հնարավոր է, նախկին Սիրիա պետության տարածքում ձևավորվեն փոքր հանրապետություններ կամ այլ պետական միավորներ։

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, օրինաչափորեն բերում է նախկինում առկա մեկ միասնական համակարգի փլուզման, որովհետև ամեն մեկը փորձելու է իրենը պոկել, որովհետև այնքան անհաշտ են իրար մեջ։ Պարզ է, որ Սիրիայի նախկին տարածքը դառնալու է պառակտված ազդեցության գոտիներ կամ փոքր հանրապետություններ ու պետական միավորներ»,- ասել է Վարուժան Գեղամյանը։

Alpha News